«Այս սարսափ ֆիլմը չի՛ կարող շարունակվել. սեպտեմբերից կմտնենք նոր փուլ». Հովհաննես Գալստյան

Մինչ քննարկվում է, թե ինչի՞ հետևանքով էր «Սուրմալու»-ի պայթյունը, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ընդգծեց. «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը նկատեց՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ իրավունք ունի հայտարարություն անել՝ առաջ քաշելով վարկած, երբ ընթանում է նախաքննություն. «Ո՞նց կարող են քննչական մարմինները կամ Դատախազությունը չզանգեն և չասեն՝ պարոն վարչապետ, դուք իրավասություն չունեք հայտարարելու, քանի որ հիմա գնում է նախաքննություն, ինչքան էլ շարադրված մտքերին լուրջ կամ անլուրջ վերաբերվենք, այդ վարկածն ակնհայտորեն ազդեցություն է ունենում նախաքննական մարմնի վրա: Այդ ի՞նչ հատուկ տեսանյութեր են նայել: Ինչպե՞ս կարող է հրավառության պարագաների պայթյունից շենքը փլվել: Մենք էլ ենք այդ տարածված տեսանյութերը տեսել, երբ ծուխը կա, և հաջորդ պայթյունից շենքն ուղղակի փլվում է: Այս պահին որքան հիմնավորված է պնդումը, որ դա ահաբեկչական ակտ է, նույնքան էլ հիմնավորված է պնդումը, որ ահաբեկչական ակտ չէ: Իսկ եթե մենք զարգացած, նորմալ հասարակություն ենք, պետք է ընդհանրապես չխոսենք, միջամտություն չունենանք նախաքննական մարմնի գործունեությանը»:

Ռեժիսորն ընդգծեց, որ երբ կինոռեժիսորի աչքերով է նայում Փաշինյանին, հասկանում է այն ողբերգական առօրյան, որով ապրում է նա. «Ինքը դաժան օրեր է ապրում, չեմ հասկանում՝ ի՞նչն է իրեն ստիպում շարունակել այդ խաղը, գնալ այդ ճանապարհով: Ամեն օր այդ մարդը սպասում է, մենք էլ ենք սպասում, որ ամեն օր նոր աղետ է լինելու, այ այդքան անկառավարելի է, անվերահսկելի է Հայաստանում այսօր իրավիճակը: Նույն կինոյի ասպարեզում պետական կառավարման պաշտոնները տվել եք այն մարդկանց, որոնք մասնագիտական առումով զրո են, իսկ իրենց մարդկային կերպարը մինուս է: Եթե ես դա տրանսֆորմացնում եմ մյուս մեր պետական կառույցների վրա, հասկանում եմ, որ մենք նստած ենք ռումբի վրա, «Սուրմալու»-ն մինի Հայաստանն էր»:

Հովհաննես Գալստյանը չի կարծում, թե տարբեր հայտարարություններով իշխանությունները հասարակությանը շեղելու կարիք ունեն. «Մենք ամեն օր արթնանում ենք, և ավելի ուժեղ կատաստրոֆա է լինում, քան նախորդ օրը: Միգուցե դիտավորություն կա, միգուցե՝ ոչ, բայց եթե չշեղեին, ի՞նչ պետք է լիներ: Մի խումբ մարդիկ պետք է խելագարության հասնեին Ֆեյսբուքում, ինտերվյուներում, հասկանալով, որ մեր թշնամին մեր մսից կտրում է, այն մյուս մարդիկ գնալու էին կարուսելներով պտտվելու, սուրճ խմելու, ի՞նչ պետք է լիներ»:

Հարցին՝ ինչո՞ւ է հասարակության մի հատվածը անտարբեր երկրում առկա իրավիճակին, նա պատասխանեց, որ որպես ռեժիսոր՝ կարող է դա բացատրել. «Սխալ գործելուց հետո մարդիկ հետևողականորեն խուսափում են ընդունել այդ սխալը, որովհետև գիտեն, որ երբ այն ընդունեն, միանգամից դառնալու են մեղավոր, կիսելու են այդ սխալն այն մարդկանց հետ, որոնց ընտրել են: Հիմա նրանք հետ քաշվելով և ամբողջովին անտարբեր ձևանալով՝ փորձում են հեռավորություն պահպանել: Իրենց էլ է հասնելու այդ վտանգը, և գուցե՝ ավելի շուտ: Չեմ չարախնդում, ուղղակի ոչ մեկս պաշտպանված չենք, չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ հաջորդ պահին, բայց այսպես շարունակել չի կարելի:

Մենք պետք է մտնենք նոր շրջափուլ: Ինչպիսի՞ն կլինի այդ շրջափուլը, կլինի՞ դրական վեկտորով, այսինքն՝ կկոնսոլիդացվի՞ այն մասը, որն այսօրվա իշխանությանը կոնսոլիդացվելով՝ կարող է սեղմել-սեղմել և ի վերջո հեռացնել իշխանությունից, թե՞ հակառակը տեղի կունենա, և իշխանությունը ավելի բիրտ մեթոդների կդիմի, ավելի մեծ ռեպրեսիաների կգնա, որպեսզի պահպանի իր իշխանությունը, ես չգիտեմ, բայց որ մի շրջափուլ առաջ ենք անցնելու սեպտեմբերից, դա ինձ համար ակնհայտ է: Այս ամռան տապին տեղի ունեցող լուռ սարսափ ֆիլմը չի կարող շարունակվել, սեպտեմբերից կմտնենք նոր փուլ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս