Բաժիններ՝

«5 տարեկան երեխային հասցրել են հիվանդանոց՝ ճակատը պատռված». վթարի պատճառը պարեկներն էին

Երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին՝ մասնավորապես նշելով. «BMW-ն վազանց կատարելիս բախվել է պարեկային ծառայության ծառայողական RAV4-ին, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց»:

Այսօր 168.am-ի խմբագրության հետ կապ է հաստատել հիշյալ միջադեպից տուժած քաղաքացիներից Զ. Չ.-ն, որը պնդում է՝ իրենց մեքենան ամենևին էլ վազանց չի կատարել, ու նման լրատվությունն ընդամենը պարեկային ծառայության համբավը փրկելու փորձ է:

«Նեղ ճանապարհ էր, պարեկային ծառայության մեքենան կայանված էր աջ կողմում,  ու երբ մոտեցանք այդ մեքենային, հավասարվեցինք,  այն անկանխատեսելիորեն հանկարծ որոշեց ձախ թեքվել-անցնել ճանապարհի մյուս կողմը, և արդեն անհնար էր կանգնեցնել մեր մեքենայի ընթացքը:  Այն ուղղակի թեքվեց ու մեզ հարվածեց:

Վազանցի մասին խոսք լինել չի կարող, մենք հանգիստ գնում էինք, ու մեր հետևից շատ մեքենաներ էին գալիս: Ի  դեպ, այդ մեքենաների վարորդները դուրս էին եկել ու հարձակվել էին պարեկների վրա, որովհետև տեսել էին պարեկների կոպիտ սխալը, որի հետևանքով մեր մեքենայից արյունլվա երեխա հանեցինք: 5 տարեկան երեխային հասցրել են հիվանդանոց՝ ճակատը պատռված, ու մենք գնում էինք ընդամենը 40-45 արագությամբ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Վթարից տուժած քաղաքացին նշեց նաև, որ պարեկներն ու ավելի ուշ նրանց միացած նրանց գործընկերները կոպիտ են արձագանքել տուժող քաղաքացիների՝ իրենց հիվանդանոց հասցնելու խնդրանքին:

«Ես խնդրեցի, որ պարեկներն իրենց մեքենաներից մեկով մեզ հասցնեն հիվանդանոց, որովհետև պատահական մեքենայով արյունլվա զարմիկիս ու իր մայրիկին ուղարկեցինք հիվանդանոց, ու պետք է մենք էլ լինեինք այնտեղ: Ասացին՝ չենք կարող, ավտո կանգնեցրեք, գնացեք: Ստացվում է՝ իրենց գործընկերների մեղքով մենք վթարի ենք ենթարկվել, ու փոխարենն ամեն ինչ անեն, որ ինչ-որ չափով մեղմեն իրավիճակը, նման կերպ են պատասխանում: Ավելի ուշ եկան նաև պարեկային ծառայության երրորդ-չորրորդ մեքենաները, որոնցից մեկը, ի վերջո, համաձայնեց մեզ տանել հիվանդանոց»,- հավելեց քաղաքացի Զ.Չ.-ն:

Քաղաքացուն հատկապես վրդովվեցրել է հարկատուների միջոցներով աշխատավարձեր ստացող պարեկային ծառայողների ոչ կոմպետենտ լինելը, նրանց ծառայության որակը, վերաբերմունքը քաղաքացիներին և դեպքի մասին ոչ ճիշտ տեղեկության տարածումը:

«Իրենք իրավունք չունեն պրիմիտիվ սխալներ թույլ տալ, անփութության կամ տգիտության սխալներ: Հաջորդը՝ shamshyan.com կայքի «վազանցի» մասին հոդվածն է. մենք ընտանիքով այն ընկալում ենք՝ որպես պարեկային ծառայությանն արդարացնելու ձև, ինչն անընդունելի է, քանի որ, եթե սխալները թաքցվեն, դրանք չեն ուղղվելու»,- եզրափակեց նա:

Նշենք, որ BMW-ում  գտնվողներն այցելության էին գնում 44-օրյա պատերազմում իրենց զոհված ազգականի գերեզմանին:

Ի դեպ, նշենք, որ քաղաքացիները պարեկների ծառայության որակից, նրանց անգրագիտությունից և վթարային իրավիճակներ ստեղծելու, էթիկայի տարրական կանոններ չիմանալու մասին հաճախ են ահազանգեր հնչեցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս