«Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի 1-ին հարկի մուտքի մոտ, պետք է մուտք գործենք շենքի առաջին հարկ»․ փոխնախարար
«Որոնողափրկարարական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, այժմ էլ ընթանում են, նաև հովացման որոշակի աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր առավոտյան 10։00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ժամը 10։00-ի դրությամբ կա 2 անհետ կորած քաղաքացի, սակայն 16 զոհված քաղաքացիներից 1-ի ինքնությունը չի պարզվել, ուստի հնարավոր է՝ 2 անհետ կորած քաղաքացիներից մեկը հենց ինքնությունը չպարզված զոհված քաղաքացին է։
«Եթե 2 անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար՝ ունենք 1 անհետ կորած քաղաքացի։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար՝ մենք հիմա որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության շատ մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա, շենքի անմիջական հարևանությամբ դեռևս կան փլատակներ։ Հիմա որոնողական աշխատանքները փորձելու ենք իրականացնել այդ փլատակների շրջակայքում և փլատակների տակ»։
Փոխնախարարն ասաց, որ այսօր մասնագետներ են հրավիրել ԱԻՆ սեյսմիկ ծառայությունից, ինչպես նաև մասնավոր ընկերությունից․
«Խորհրդատվություն ենք իրականացնում, թե ինչպես կատարենք որոնողական աշխատանքները, որ հավելյալ վնասներ չպատճառենք, նաև մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ։ Այդ քննարկումները գրեթե ավարտվում են։
Այս պահին իրականացվում են շինության շրջակայքի հովացման աշխատանքներ, որպեսզի կինոլոգները և մեր փրկարար շները կարողանան որոշակի աշխատանք իրականացնել, այնուհետև կորոշենք, թե ինչպես վարվել։ Քննարկում ենք, որ պետք է մուտք գործենք շենքի ներս՝ առաջին հարկ, որպեսզի իրականացնենք որոնողական աշխատանքներ»։
Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հայտարարությանը, որ ԱԻՆ-ը կապի մեջ է եղել նաև սեփականատերերի հետ, հատակագծեր խնդրել, որպեսզի տեղեկություն ունենան շինության վերաբերյալ, փոխնախարարը պարզաբանեց․
«Մենք հատակագծերն ի սկզբանե ունեցել ենք՝ նախագիծ, հատակագիծ, ամեն ինչ, բայց որոնողական աշխատանքների ժամանակ մենք հայտնաբերեցինք տարածքներ՝ հատկապես նկուղային հարկերում, որ մեր ունեցած նախագծերում չէր երևում, դրա համար մենք լրացուցիչ նախագիծ ուզեցինք, որպեսզի նույնականացնենք մեր ունեցածի հետ․․․»։
Հարցին՝ սեփականատերերն ինչպե՞ս են արձագանքում կատարվածին, մասնակցո՞ւմ են արդյոք որևէ աշխատանքի, փոխնախարարը պատասխանեց՝ նրանք որոնողական աշխատանքներին չեն մասնակցում, բայց երբ տեղեկության անհրաժեշտություն է լինում, իրենք պարտավոր են փոխանցել․․․։
Արտյուշ Գրիգորյանը քիչ հավանական համարեց, որ այսօր աշխատանքները կավարտվեն, բայց նաև չբացառեց: Պաշտոնյայի գնահատմամբ՝ ամեն ինչ կախված է, թե երբ կհայտնաբերեն անհետ կորած քաղաքացիներին։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փլատակների մաքրման աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով օգոստոսի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ կա 16 զոհ, 60 տուժած: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։