Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ:
Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն` թաղապետարանի աշխատակից Լիլիթ Նիկոյանի միջոցով, ում հատուկ սենյակ էր հատկացրել, վերջինս նախապես ուսումնասիրում-տնտղում էր, թե ում կարելի է ՔՊ շարքերը ներգրավել, ում` ոչ, որ գործընթացը հնարավորինս անաղմուկ ընթանա: Հիմա որոշել են հրաժարվել ավելորդ ձեւականություններից եւ աշխատակիցներին պարտադրել, որ մտնեն ՔՊ»։