Հավատքի զորացման միջոցները. Աղոթքը սոսկ երկրային պահ կամ որոշ բառեր ու նախադասություններ ասելը չէ
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27), շնորհեց նրան միտք, սիրտ, մարմին, հոգի, խիղճ, ինչպես նաև հավատքի մղում: Մարդկանց կյանքում տեսնում ենք երկու տեսակի հավատք.
1. Տեսական հավատք: Այս հավատքը Աստծու գոյության մտավոր և փիլիսոփայական համոզմունք է, որ չունի որևէ ազդեցություն մարդու առօրյա կյանքի վրա:
2. Գործնական հավատք: Այս հավատքը իր նշանները ցույց է տալիս գործնական կյանքում, երբ մարդը հավատում է, որ Աստված ամենուրեք և ամենատես է: Ուստի աշխատում է, որ իր մտածումները, զգացմունքները, խոսքերը և գործերը աստվածահաճո լինեն՝ համապատասխանեն աստվածային պատվիրաններին:
Քրիստոնեական հավատքի զորացման համար կան տարբեր միջոցներ.
Աղոթք: Աղոթելը՝ լինի անհատական՝ առավոտյան մեր ննջասենյակում, դպրոց կամ աշխատավայր գնալու ընթացքում, դասաժամի կամ աշխատանքի սկսելուց առաջ, տուն վերադարձի ընթացքում, կամ հավաքական՝ եկեղեցում ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ, զորացնում է մեր հավատը, որովհետև.
1. Աղոթքը սոսկ երկրային պահ կամ որոշ բառեր ու նախադասություններ ասելը չէ, այլ երկնային ու երկրային հոգևոր պահ, որի մեջ հողեղեն և մեղավոր մարդը որդիաբար ու ծառայաբար, սրտաբուխ խոսում է իր Աստծու, Տիրոջ և Փրկչի հետ:
2. Աղոթքը աստվածային ներկայության մեջ լինելու զգացում է: Աստված տեսնում է մեզ, լսում է մեր աղոթքները «Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը» (Առ. 15:29) և զգում է մեր ցավերը:
3. Աղոթքը սրտի գործ է, որը սիրտը բացում է Աստծու առաջ, որպեսզի Նա մտնի ու մաքրի այն՝ «Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, ո՜վ Աստված …» (Սղմ. 50:12):
Աստվածաշունչ: Աստվածաշնչի ընթերցանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա գրքերի մեջ կտեսնենք.
1. Ամենակարող Աստծուն, որ ոչնչից ստեղծեց երկինքն ու երկիրը (Ծննդ. 1:1):
2. Պարգևող Աստծուն, որ մարդուն պարգևեց մեծ պատիվ, երբ նրան ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27):
3. Համբերատար Աստծուն, որ մեղքի մեջ ընկղմած մարդուն տվեց օրենքներ և պատվիրաններ (Ելք. 20), (Բ Օրին. 5):
4. Սիրող Աստծուն, որ նույնիսկ Իր Միածին Որդուն տվեց մարդկանց մեղքերի քավության համար (Հովհ. 3:16):
5. Արդար Աստծուն, որ Դատաստանի օրը բոլորին պիտի դատի իրենց գործած մեղքերի համար:
6. Հավատքի մարդկանց, որոնց միջոցով Աստված մեծամեծ հրաշքներ կատարեց՝ երկնքից մանանա իջեցրեց (Ելք 16:35), բաժանեց Կարմիր ծովի ջուրը (Ելք 14:21), պատռեց ոտքի տակի երկիրը (Թվեր 16:31), ժայռից ջուր բխեցրեց (Ելք 17:6) և այլն: Այս բոլորից հետո մենք մեզ հարց պիտի տանք՝ ո՞ւր է մեր հավատքը վերոհիշյալ մարդկանց ուժեղ հավատքի դիմաց:
Հայսմավուրք: Հասմավուրքի ընթերցանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա մեջ պիտի տեսնենք սրբացած անձերի հոգևոր վեհությունը, Աստծու հանդեպ նրանց հավատքի զորությունն ու սիրո ջերմությունը, դժվարությունների և նեղությունների դիմաց նրանց համբերությունը, հալածանքների և չարչարաքների դիմաց նրանց կամքի զորությունը: Այս սրբակենցաղ անձերի հավատքի դիմաց մեր հավատքը խոտի պես մակերեսային, եղեգի պես տկար և ավազի պես անհաստատ է:
Խոստովանություն: Խոստովանությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև դրա միջոցով Աստված ներում է մեր մեղքերը, դառնում ենք մտքով խաղաղ և հոգեպես հանգիստ, աշխատում ենք կառչել Տիրոջ պատվիրաններից, որպեսզի չգործենք նույն մեղքերը: Սրբացած անձերը հասան սրբության մակարդակին բազմաթիվ միջոցներով, որոնցից մեկը խոստովանութունն էր: Նրանք ամիսը մեկ անգամ խոստովանոմ էին իրենց մեղքերը, ոմանք նույնիսկ գրի առան դրանք, ինչպես սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց «Մատյան ողբերգությանը», և սուրբ Օգոստինոսը՝ «Խոստովանությունը» (Confession):
Խոկում: Խոկումը զորացնում է մեր հավատքը, որովհետև երբ մի պահ նայենք մեր շուրջը՝ երկնքին՝ իր բոցավառ արևով, գեղեցիկ լուսինով, լուսավոր աստղերով, թեթև ամպերով, և երկրին՝ իր հաստատուն լեռներով, հոսուն ջրերով, բազմաթիվ բույսերով ու անասուններով, պիտի հասնենք այն եզրակացության, որ այս հրաշալի ստեղծագործության հետևում կանգնած է մի ստեղծիչ՝ Աստված, Որի հանդեպ մեր հավատքը պետք է լինի ուժեղ և հաստատուն:
Ինքնաքննություն: Ինքնաքննությունը զորացնում է հավատքը, որովհետև դրա միջոցով մենք ենթարկում ենք մեր ապրած նախորդ տարիների հավատքը արդար քննության, իմանում ենք դրա տկարության գլխավոր պատճառները և ծրագրավորելով՝ աշխատում ենք մեր հավատքի հզորացման համար:
Պահեցողություն: Պահեցողությունը զորացնում է մեր հավատքը, որովհետև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղոթքի կողքին պահեցողություն կատարելը հրաշքների դուռ է բացում: Եսթեր թագուհին և հրեա ժողովուրդը աղոթեցին ու պահեցողություն կատարեցին, և Աստված նրանց ազատեց Համանի թակարդից (Եսթեր 7:10): Դանիել մարգարեն և նրա երեք բարեկամները պահեցողություն կատարեցին (Դան. 2:12), նրանցից յուրաքանչյուրը դեմքով ավելի գեղեցկացավ ու մարմնով ավելի ուժեղացավ (Դան. 2:15): Նինվեացիները պահեցողություն կատարեցին (Հով. 3:5-7), և Աստված ողորմեց նրանց (Հով. 3:10):
Ծառայություն: Ծառայությունն իր ամեն ձևով՝ սովածին կերակրելով, սգավորին մխիթարելով, բանտարկյալին այցելելով, որբին զորացնելով, զորացնում է մեր հավատքը, որովհետև.
1. Նախ՝ տեսնում ենք, որ մեզանից ավելի դժվար պայմաններում ապրող մարդիկ կան, ուստի շնորհակալություն ենք հայտնում Աստծուն մեր ունեցածի համար՝ լինի առողջություն, գործ, զավակներ, ուսում, բարեկեցիկ կյանք թե այլ բան:
2. Ապա իմանում ենք, որ Աստված զանազան միջոցներով կարող է մարդկանց ծառայել: Ուստի եթե թերանանք մեր ծառայության մեջ կամ գոռոզությամբ կատարենք այն, Աստված կարող է մեզանից ավելի գթասիրտ մարդկանց ծառայության հրավիրել որպես սպասավորներ, և մենք այն ժամանակ ամոթով կմնանք:
3. Ի վերջո հավատում ենք, որ մեր կատարած ծառայությունը ապարդյուն չէ, ունի վարձատրություն Աստծու կողմից, որովհետև մեր Տերը և Աստվածը՝ Հիսուս Քրիստոս, խոսեց Երկնքի արքայության և դրա ժառանգելու պայմանների մասին, որոնցից մեկն է բարի գործեր կատարելը՝ ծառայելը. «Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մատթ. 25:34-36):
Ուխտագնացություն: Ուխտագնացությունը զորացնում է հավատքը, որովհետև վանքերը սոսկ զբոսավայրեր չեն, այլ սրբավայրեր, որոնց մեջ սրբերը օրնիբուն, տքնաջան աշխատեցին, հեծեծալով ու ծնկաչոք աղոթեցին, բուռն պայքարեցին մեղքի դեմ և պարտության մատնեցին Սատանային: Սրբերի քրտինքը, արյունը, քայլերը և աղոթքները շաղախված են վանքերի հետ: Ուստի ուխտագնացությամբ վերանորոգվում և կրկին աշխուժանում է մարդու հավատքն առ Աստված:
Եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի գնալը և ժամերգություններին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելը զորացնում է հավատքը, որովհետև.
1. Ժամերգությունների մեջ տեսնում ենք Սուրբ Հոգու ներշնչումով գրված գրքերի՝ Աստվածաշունչ Մատյանի սաղմոսները, ավետարանական հատվածները, ուղղափառ աստվածաբանության դավանանքը, Աստվածամոր սրբակեցությունն ու խորհրդանիշները, սուրբ հայրերի հոգեթափանց, օրհնաբանական, գոհաբանական, շնորհակալական և աղաչական աղոթքները:
2. Սուրբ Պատարագի ընթացքում վերհիշում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի հանգրվանները՝ մարմնացումը, խաչելությունը, մահը, թաղումը, հարությունը: Նաև տեսնում ենք աստվածաշնչական քահանայի սրբազան զգեստը և մյուռոնված սպասքները, զգում ենք շարականների զորության ազդեցությունը, և կարդում ենք հոգեպարար աղոթքները:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր