Մթերքներ, որոնք թուլացնում են իմունիտետը
COVID-19-ով հիվանդացության աճի ժամանակաշրջանում հարկ է օրաբաժնից բացառել որոշակի մթերքները. դա կօգնի ամրապնդել իմունիտետը: Այս կարծիքը հայտնել է բժիշկ-թերապեւտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան:
Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նա ճշտել է, թե ինչի մասին է խոսքը: Քաղցրեղենի չարաշահումը հանգեցնում Է իմունային համակարգի բջիջների ակտիվության նվազման, նախազգուշացրել է Իգնատիկովան:
«Եթե կա կոնֆետ, քաղցրաբլիթ, անուշահաց կամ օգտագործվում է չափից ավելի քաղցր գազավորված ըմպելիք, վնաս է հասցվում իմունիտետին: Չափից ավելի օգտագործելուց հետո ավելացված շաքարը երկու-երեք ժամվա ընթացքում նվազեցնում է մեր իմունային համակարգի բջիջների ակտիվությունը:
Այդպիսով, մեզ մոտ նվազում է կայունությունը վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ»,- բացատրել է նա:
Շաքարային դիաբետ եւ ածխաջրերի փոխանակման այլ խանգարումներ ունեցող հիվանդները պատկանում են բնակչության՝ վարակների համար առավել խոցելի կատեգորիաներին, հիշեցրել է բժիշկը:
Իգնատիկովան հանձնարարել է «դեն նետել» քաղցրեղենը «մթերքների զամբյուղից» այն ժամանակաշրջանում, երբ աճում է COVID-19-ով հիվանդացությունը:
Իմունային բջիջների ակտիվության նվազմանը նպաստում է նաեւ սպիրտային խմիչքների օգտագործումը, շարունակել է նա:
«Ալկոհոլը նույնպես նվազեցնում է իմունային բջիջների ակտիվությունը: Կարծիք կա, որ 50 գրամ օղին ախտահանում է օրգանիզմը, բայց դա այդպես չէ: Ոգելից խմիչքը միայն վնասում է մեր օրգանիզմը»,-նշել է Իգնատիկովան:
Նրա խոսքով, ալկոհոլի անվնաս չափաբաժին չկա, ուստի օրգանիզմի իմունային պաշտպանության ամրապնդման համար ամենից լավը սպիրտային խմիչքներից հրաժարվելն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: