Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մանրամասներ ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների վերաբերյալ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են: «Ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ անհետ կորած է համարվում: Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել»,- ասաց նախարարը:
Նա մանրամասնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է միայն հովացման աշխատանք: «Կարող եմ ասել, որ մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ»,- նշեց Արմեն Փամբուխչյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են քաղաքացու հայտնաբերել: «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետև մեր փրկարարները տվյալ հատվածում դիտարկում են իրականացնում, դրանից հետո միայն ծանր տեխնիկա օգտագործվում է»,- ընդգծեց նա:
Նախարարը նշեց, որ այս պահին հաստատված է զոհերից միայն 6-ի ինքնությունը. 10 զոհի ինքնությունը դեռևս չի պարզվել: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, երբ հաջողվի նույնականացնել բոլոր զոհերին, անհետ կորածների թիվն էլ կնվազի:
Փամբուխչյանն անդրադարձավ նաև մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տարատեսակ լուրերին փլատակներից ողջ քաղաքացիների հայտնաբերելու վերաբերյալ: «Ես խնդրում եմ քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լուրերին, քանի որ անհեթեթ սպասումներ են տալիս հարազատներին, ինչն ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին: Ես խնդրում և հորդորում եմ բոլորին զերծ մնալ նման լուրեր տարածելուց: Մենք օպերատիվ կերպով աշխատում ենք լրատվամիջոցների հետ, բոլոր նորություններն առաջինը մենք ենք իմանում, որից հետո տեղեկացնում ենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը:
Պայթյունի տարածքում օրվա ընթացքում մինչև 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի և ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները:
Փամբուխչյանը վստահեցրեց՝ ոչ մարդկային ռեսուրսի, ոչ տեխնիկայի պակաս չկա:
Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները: