«Այս պահին մեզ եթե ուզում են օգնել, կարող են առաջարկել տրանսպորտային միջոցներ և հնարավորինս մատչելի». Բերձորի քաղաքապետ
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ Բերձորից դեռ որևէ բնակիչ դուրս չի եկել։
«Այս պահին արտակարգ կամ արտառոց իրավիճակ չէ, հանգիստ բնակիչները դուրս գալու գործընթացը կազմակերպում են։ Պետության աջակցությունը մարդկանց՝ տարհանման հետ կապված, կա, մարդիկ աստիճանաբար շարունակում են իրենց իրերը հավաքել»,- նշեց Բերձորի քաղաքապետը։
Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ ունեն բեռնատարների խնդիր, այսինքն՝ բեռնատարներ կան, սակայն խնդիրը վճարման մեջ է, իսկ ավելի ճիշտ, նայած, թե որ վարորդն ինչքան գումար կպահանջի տնազրկված բերձորցու իրերը տեղափոխելու համար։
«Արցախից մեզ տրամադրել են տրանսպորտային միջոցների ցանկեր, վարորդների անուններով ու հեռախոսահամարներով, սակայն այս պահին դեռևս որևէ մեկը պատրաստ չէ դուրս գալու, դեռ որևէ մեկին հստակ չենք դիմել, սակայն բարձր վճարելու խնդիրը կա։ Մենք տեղում այդ ռեսուրսը չունենք, տրանսպորտային միջոցը պետք է բերենք Սյունիքի մարզից, Հայաստանի այլ վայրերից, այստեղ խնդիրը կլինի այն, թե այդ տրանսպորտային միջոցը որքանով մատչելի գներով կտեղափոխի բնակիչների իրերը։ Նախադեպը կա, մենք 44-օրյա պատերազմից հետո մի անգամ արդեն այդ պրոցեսով անցել ենք, ու ահավոր վիճակ էր՝ տեղափոխելու գների բարձր լինելու առումով։ Հուսանք, այս անգամ մարդիկ գոնե բարեխիղճ կգտնվեն և այդ չափի վարձավճարներ չեն ասի»,- նշեց Բերձորի քաղաքապետը։
Ըստ Նարեկ Ալեքսանյանի, բնակիչներից ոմանք իրենց իրերի մի հատվածն այս կամ այն վայր տեղափոխել է, սակայն մշտապես իրենց տները չեն լքել։
«Այս պահին մեզ եթե ուզում են օգնել, կարող են առաջարկել տրանսպորտային միջոցներ և հնարավորինս մատչելի, քանի որ բնակիչներն իրենց իրերը բեռնելու խնդիր հավանաբար չեն ունենա, իրենք իրենց սեփական ուժերով կանեն։ Նաև կարող են օգնել այն մարդիկ, որոնք Բերձորում ի վիճակի կլինեն որոշակի ֆիզիկական աշխատանք կատարել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Բերձորում էլեկտրաէներգիա կա, սակայն պետության կողմից ենթակառուցվածքները հանելու ընթացքում լինում են հոսանքազրկումներ։
«Բայց որևէ տեղեկություն չունեմ, թե կոնկրետ որևէ ժամանակահատվածում կարող է հոսանքազրկվենք»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Բերձորից հանվող հուշարձանների ճակատագրին, քաղաքապետն ասաց, որ իր տեղեկություններով՝ դրանք տեղափոխում են Ստեփանակերտ։ Այդ խնդրով զբաղվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը։
«Թե հետագայում ինչպես կլինի, նախարարությունը կարող է ավելի կոնկրետ պատասխանել։ Այս պահին իմ ունեցած տեղեկատվությունը սա է»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։