Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանի գործով դատաբժշկական հանձնաժողովի կազմում կներգրավվեն բժիշկներ․ պաշտպանության կողմը ներկայացրեց իրենց թեկնածուներին

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում է կայացրել՝ Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մասն Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործից անջատելու և առանձին վարույթում քննելու մասին։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին քննարկվում է դատաբժշկական փորձաքննության իրականացման նպատակով հանձնաժողովի անդամների ներգրավման հարցը։ Մասնավորապես, պետք է հանձնաժողովի կազմում ներգրավվեն բժիշկներ։ Նշենք, որ փորձաքննության շրջանակներում օգոստոսի 1-ին այց է կատարվել Իզմիրլյան ԲԿ, որտեղ սկսվել է հանձնաժողովային փորձաքննության իրականացումը։

Նախագահող Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ պատրաստվում է գրություն ուղարկել հանձնաժողովին, համաձայն որի՝ հանձնաժողովն ինքը կընտրի մասնագետներին՝ հանձնաժողովի կազմում ներգրավելու մասին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ունի թեկնածուներ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկման համար, ապա ներկայացրեց իր թեկնածուներին։

Պաշտպանության կողմի առաջարկած թեկնածուների հետ՝ թե պաշտպանները, թե Աղվան Հովսեփյանը որևէ առնչություն երբևէ չեն ունեցել, նրանք առաջարկվել են որպես թեկնածուներ՝ հաշվի առնելով նրանց հեղինակությունը։ Հանրային մեղադրող Գուրգեն Սաֆարյանը նշեց, որ թվարկված բժիշկներից որևէ մեկին չի ճանաչում, չիմանալով ընտրության սկզբունքը, չիմանալով՝ կհամաձայնեն նրանք, թե ոչ։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ թեկնածուներից սրտաբանը նախկինում եղել է իր բժիշկը, ինչին արձագանքելով փաստաբանը նշեց՝ ․«Ինչու եք Ձեր մասին ասում, Դուք էլ եք շահագրգիռ կողմ գործով»։

Հաջորդ դատական նիկստը նշանակվեց սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 16։30-ին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս