Բաժիններ՝

«Ճանապարհային ոստիկանությունը» փորձում է օրենքով կարգավորել այլընտրանքային փոխադրամիջոցների հարցը

Օրերս խորհրդարանում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի և Զարուհի Բաթոյանի նախաձեռնած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել էին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նախաձեռնությանը՝ օրենքով կարգավորելու այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը:

Քննարկման առիթը հատկապես վերջին շրջանում հանրությանը մտահոգող և խնդրահարույց դարձած հարցն էր` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթևեկը չկանոնակարգված լինելը հաճախ հետիոտնի` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ է դառնում:

Քննարկմանը մասնակցել էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել էին, որ իրոք կա խնդիր, և, որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթևեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթևեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաև սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթևեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաև չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ և ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:

Կարդացեք նաև

«Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է և հասկանալը, թե այդ առաջարկներից որոնք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաև օրենսդրական կարգավորման առարկա են, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- քննարկման ընթացքում ասում էր պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել առաջարկով. «Ի՞նչ կասեք, եթե շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Աբովյան փողոցի ամբողջ միակողմանի հատվածը փակ լինի մեքենաների երթևեկության համար և ծառայի բացառապես հետիոտնի, հեծանիվների և էլեկտրական ինքնագնացների տեղաշարժի համար»:

Ֆեյսբուքյան օգտատերերն արձագանքել էին գրառմանը, ու մեծ մասը դեմ էր արտահայտվել այս առաջարկին:

«Հերիք չէ ամբողջ երթևեկությունը խառնում են իրար, մի հատ էլ ճանապարհները փակեք, քաղաքը կաթվածահար արեք, թող լրիվ ընկնի տեղը»,- գրել է Բագրատ Սողոմոնյանը:

Մեկ այլ օգտատիրոջ՝ Գայանե Աբասյանին, գաղափարը դուր է եկել. «Ոտքով քայլելն առողջություն է։ Փոքր կենտրոնը փակեք մեքենաների համար»:

ErevanRide-ի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանի ենթադրությամբ՝ փողոց փակելը ժամանակավոր բնույթ է կրելու, սովորաբար այդպես անում են՝ տեսնելու, թե մարդիկ շա՞տ են քշում, թե՞ ոչ:

«Պետք է համոզվեն, որ փողոցներ պետք է լինեն՝ առանձնացված հատվածներով: Իսկ բողոքողներ միշտ լինելու են: Որոշում չկա, որը լավ է բոլոր քաղաքացիների համար: Համոզված եմ՝ 2013-2015թթ. մարդիկ սկուտերներն ավելի լավ էին վարում, որովհետև մեքենաները քիչ էին, խցանումները ևս քիչ էին: Խնդիրն այն է, որ մեքենաները շատացել են, խնդիրները՝ նույնպես, սակայն կարճաժամկետ լուծումներ պետք է տրվեն: Իսկ երկարաժամկետի դեպքում, եթե Երևանի կենտրոնն ինչ-որ ձև բեռնաթափեն ու մեքենաներն ավելի արագ կարողանան տեղափոխվել, վարորդների համար ուրախալի կլինի: Օրինակ կարծում եմ, լավ կլիներ, որ Օպերայից Հյուսիսային պողոտա ու Հանրապետության Հրապարակ հատվածում առանձնացված հատված լինեին, որ մարդիկ հեծանիվ, սկուտեր վարեին: Եվ, եթե կարողանանք Կորյունի փողոցի մի հատված որևէ կերպ կապենք մինչև Քաղաքապետարան ընկած հատվածին, և Բաղրամյան 1-ից մինչև Ալեք Մանուկյան, դա իդեալական լուծում կլիներ: Մարդը կիմանար, որ աջից ձախ կամ վերևից մինչև ներքև կարող է գնալ»,- մեզ հետ զրույցում ասաց Ալբերտ Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ կարելի է 2-3 փողոցում որոշակի հատված առանձնացնել հեծանիվների, սկուտերների համար, և երբ մարդիկ շատ օգտվեն, կտեսնես, որ սա ռեալ օգնում է, որ մարդկանց մի զգալի հատված կենտրոնում տեղաշարժվում է առանց մեքենայի, նոր կհասկանան, թե 4-րդ փողոցը որն անեն:

Հավելենք, որ «Հերացի» վերլուծականն ամփոփել է ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները:

​«Հերացի» վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության և որոշ առանձնահատկությունների մասին:

​Այսպիսով, սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:

​Ինչպես եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:

​Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում նաև փոխադրամիջոցները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:

​Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի՝ տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:

​Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

​Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող առողջապահական էական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս