«Դա նաև կարող է հիմք հանդիսանալ, որ սեպտեմբերին զայրացած մարդիկ փողոցները լցվեն»․ հոգեբան
Հայաստանի և Արցախի շուրջ վերջին սրընթաց զարգացումները, այս օրերին Բերձորի հանձնման վերաբերյալ լուրերը հուսահատության և դժգոհության նոր ալիք են բարձրացրել երկրում:
Հանրային տարբեր շրջանակներ կոնկրետ քայլեր են ակնկալում հայրենի ընդդիմությունից:
«Իրավիճակն իսկապես շատ բարդ է, և հուսահատության պահեր չունենալը նույնիսկ տարօրինակ կլիներ»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով առկա իրողություններին՝ շեշտեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա, սակայն, օբյեկտիվ չհամարեց ընդդիմությանն ուղղվող քննադատությունների սլաքը՝ նկատելով, որ ընդդիմության գործը հեշտ չէ․ «Այնքան բարդ բան է մեզ հետ տեղի ունեցել, և հիմա էլ այնպիսի աշխատանքներ են տարվում մեզ հետ՝ քաոսը պահելու, նոր տարանջատումներ մտցնելու ուղղությամբ, որ հեշտ չէ ընդդիմության պայքարը: Եթե որևիցե մեկի մտքով անցնում է, որ հարցերը միանգամից լուծվելու են, դժվար է պատկերացնել. մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»:
Ըստ հոգեբանի՝ ընդդիմության ամիսների աշխատանքն առայժմ ոտքի է կանգնեցրել ուժեղ ազգային ինքնագիտակցություն և վտանգի սթափ զգացողություն ունեցող մարդկանց, սակայն համոզված է՝ ճիշտ աշխատանքի շնորհիվ լիարժեք համախմբումն անխուսափելի է լինելու:
«Ըստ էության, մեր ազգային դիմադրությունն այսօր փողոցում է, և եթե մենք սա վարկաբեկում ենք, ինչպե՞ս ենք պատկերացնում. ուրիշ պայքարի օջախներ չեն ձևավորվում, սա ամենաստացվածն է: Ես հույս ունեմ, որ մինչև սեպտեմբեր նոր թափ պիտի ստանա շարժումը, իսկ դրածո իշխանություններն այդ հուժկու ժողովրդական ալիքից են վախենում: Հույս ունեմ, որ սեպտեմբերն ավելի արժանապատիվ սեպտեմբեր կլինի»,- ասաց հոգեբանը:
Այս իրողությունների համատեքստում՝ մեր զրուցակիցը արձագանքեց նաև «Gallup»-ի 2021 թվականի Էմոցիաների համաշխարհային զեկույցին, ըստ որի՝ Հայաստանն «ամենաջղային երկրների» առաջին եռյակում է։
Հիշեցնենք՝ Gallup-ը սա պայմանավորել է 2020 թվականի աշնան պատերազմով:
«Սա մեր իրականության հետևանքն է: Ինչպե՞ս չզայրանաս, եթե կատարվում է այն, ինչ կատարվում է: Մարդիկ եսակենտրոն են դարձել, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով վատ սպասումները, սպառնալիքները, հոգսերը, մարդիկ սկսում են սեփական ես-ի վրա կենտրոնանալ:
Բայց այս զայրույթը պայքարի հիմքում դրված ապրում է. այնուամենայնիվ, եթե չզայրանաս, ոտքի չես կանգնի, չես պայքարի: Դա նաև կարող է հիմք հանդիսանալ, որ սեպտեմբերին, երբ շարժումն ավելի ակտիվ դառնա, նորովի սկսվի, զայրացած մարդիկ փողոցները լցվեն: Տվյալ դեպքում այդ զայրույթը կենսահաստատ ապրում է»,- հավելեց Կարինե Նալչաջյանը: