ԱՄՆ-ում արտաճանապարհային ավտոմեքենան մխրճվել է շքերթի մասնակիցների բազմության մեջ
Ավտոմոբիլն ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Գելապ քաղաքում մխրճվել է շքերթի մասնակիցների բազմության մեջ. կան տուժածներ, ներառյալ ոստիկաններ: Այս մասին հաղորդում են տեղական իրավապահները:
Շքերթը Գելափ քաղաքում անցկացվել է փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր քաղաքի մոտավորապես կեսը կազմող բնիկներին: Երթի ժամանակ արտաճանապարհային ավտոմեքենան մխրճվել Է մասնակիցների բազմության մեջ, մի քանի մարդ տուժել է:
«Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը հետաքննում է պատահարը: Մի քանի մարդ, ներառյալ Գելապ քաղաքի ոստիկանության երկու աշխատակիցներ, տուժել են եւ տեղում բուժօգնություն ստացել: Վարորդը գտնվում է կալանքի տակ»,-տեղի իրավապահները գրում են Twitter-ի իրենց էջում:
Իր հերթին KOB4 տեղական հեռուստաալիքը, վկայակոչելով քաղաքի վարչակազմի ներկայացուցչին, հաղորդել է, որ մեքենայում, բացի վարորդից, եղել են երկու ուղեւորներ, նրանց նույնպես ձերբակալել են: Բացի այդ, քաղաքի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ բազմության մեջ լսվել են կրակոցներ, բայց իրավապահները զենք չեն գտել ավտոմեքենայի մեջ:
Նշվում է, որ ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: