Բաժիններ՝

Թմրամիջոցների իրացում՝ տելեգրամով. չորս անձ կալանավորվել է

Համացանցային տելեգրամ հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պաքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց:
Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով:

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև` մոտ 35 գրամ հաշիշ:

Շարունակելով միջոցառումները` նույն կասկածանքով պետք է ձերբակալվեին ևս երկու օտարերկրացի: Նրանցից մեկը, որ սպորտային կազմվածքով էր, նկատելով քրեական հետախույզներին, դիմում է փախուստի: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ՀԿԳ ավագ օպերլիազորը, մի քանի հարյուր մետր հետապնդելով, կարողանում է բռնել փախչողին:

Երկուսն էլ ձերբակալվում ու բերվում են Կումայրիի բաժին: Հենց նրանք էին վարում տելեգրամյան «Գրին Հաուս 420» էջը:

30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 130 գրամ հաշիշ: Փախուստի դիմած տղամարդն ընթացքում ձեռքի փաթեթը նետել էր տներից մեկի տանիք: Փաթեթում կային մեթամֆետամին, հաշիշ և «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցներ ու հալյուցինոգեն սնկեր` ընդհանուր մոտ 180 գրամ քաշով:
Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս