«10.000 հոգի զոհվել է, որ 30 տարի հետո ինչ-որ մի ոչնչություն ասի՝ իզուր եք զոհվե՞լ». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Ադրբեջանի երեկվա ագրեսիան պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, Ադրբեջանն ավելի նպաստավոր դիրքեր է փորձում զբաղեցնել, որպեսզի ավելի խոցելի դարձնի հայկական կողմի կարգավիճակը, պարտադրելով հայկական կողմին, այս պարագայում՝ Արցախին, լուռումունջ ընդունել Ադրբեջանի պայմանները:

«Համացանցում երեկվա միջադեպի վերաբերյալ տեղեկություն տարածողներից մեկն եմ եղել, և ֆեյքերի մի բանակ սկսեց ինձ վիրավորել, սուտասան անվանել, դրանից հետո նոր ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց: Ծիծաղելին այն է, որ բոլորիս հորդորում են տեղեկատվություն ստանալ պաշտոնական աղբյուրներից: 44 օր մենք պաշտոնական աղբյուրներից, բացի ստից, ոչինչ չենք ստացել: Եթե աղմուկ չբարձրանար, որևէ կերպ չէին էլ խոսի այս միջադեպի մասին: Պաշտոնական Երևանը բոլոր հնարավոր և անհնարին ձևերով փորձում է տարածություն պահպանել Արցախի հետ կապված բոլոր հարցերից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փորձագետի հաշվարկով՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. «Հաշվի առնելով, որ Երևանը ոչինչ չի անում, և այս անզոր, անզեն ու ապիկար կառույցը, որը դարձել է ՀՀ-ն, հիմա շատ քաղցր կտոր է, որն առանց ռեսուրս ծախսելու՝ կյուրացնեն: Ալիևին Երևան հասնելու բոլոր հնարավորությունները տրվել են Երևանի կողմից: ՀՀ իշխանությունները տրամադրել են Ալիևին բոլոր հնարավորությունները՝ հասնել այդ նպատակին»:

Հարցին՝ սա խաղաղության դարաշրջան կոչված ներկայացման հերթական արա՞րն է, նա պատասխանեց. «Իրականում, այդ հարցը պետք է ուղղել Նազարյան Լենային, որովհետև խաղաղության դարաշրջանի կողմնակիցը նա է, ճիշտ է՝ այս քանի ամիս է՝ ձեն-ձունը դուրս չի գալիս, Աննա Փաշինյանի ստվերի պես հետը հյուրընկալվում է տարբեր մարզերում, ձև է տալիս, որ մտահոգված է, և խաղաղությունից այլևս չի խոսում: Ես դժվարանում եմ պատկերացնել՝ ինչ է նրանց ընկալմամբ խաղաղության դարաշրջանը, ես ասել եմ ու անվերջ կասեմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում խաղաղության դարաշրջանը կսկսվի այն ժամանակ, երբ կսպանվի վերջին հայը»:

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան՝ կյանքը, չնայած՝ մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը… Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ենք ընտրել մահը…»:

Թորոսյանի այս գրառման վերաբերյալ Արմինե Ադիբեկյանը հետևյալն ասաց. «Իսկ Արսեն Թորոսյանը ռամի՞կն է, թե՞ մտավորականը: Մտավորական ես նրան չեմ կարող անվանել, որովհետև դեռ մի քանի հազար տարի առաջ Արսեն Թորոսյանից շատ ավելի խելացի մարդիկ ասել են՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Խաղաղությունը չի նվիրվում, չի գնվում, խաղաղությունը կերտվում է զենքով: Ես հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանն իր կյանքում 3 գրքից ավել չի կարդացել ու բացարձակապես տեղյակ չէ՝ ինչպես է կերտվում պետությունը, խաղաղությունը, ինչպես է ձևավորվում հասարակությունը, անվտանգությունը, և այդ ամպագոռգոռ, պաթոսախեղդ ստատուսները, բացի զզվանքից՝ ոչինչ չեն առաջացնում: Խոսում է մի մարդ, ով 2 տարի առաջ սպանդի առաջ կանգնեցրեց մեր հասարակությունը՝ ի պաշտոնե չիմանալով՝ ինչպես պետք է կանխվի համաճարակը:

Այսինքն՝ մենք ունենք մի տգետ մարդ, որի «շնորհիվ» զոհվել է այնքան մարդ, ինչքան պատերազմի ժամանակ, և նա հիմա խոսում է կյանքի գնից և արժեքներից: Ինչ վերաբերում է անցյալին, ապա անցյալի հետ վիճաբանելն ամենամեծ հիմարությունն է: 10 հազար հոգի զոհվել է, որ 30 տարի հետո ինչ-որ մի ոչնչություն ասի՝ իզուր եք զոհվե՞լ: Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզում ասել, իր գրառման միտքը ո՞րն է, ի՞նչ անենք՝ չպայքարե՞նք, չպաշտպանվե՞նք, չուզենանք լինել հա՞յ, չուզենանք շարունակենք ապրել մեր հողո՞ւմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս