US Forest Service-ի ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝ գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։
Ինչպես հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։
ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև մի շարք հանրային իրազեկման արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործընկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործընկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։
«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ի Անտառային ծառայության հետ սերտ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ անտառային հրդեհների կանխարգելման շրջանակում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ամբողջ աշխարհում առաջատարներից է իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ: Շատ կարևոր է, որ գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»,- նշել է Ռուբեն Խաչատրյանը։
Անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Հիմնադրամից վստահեցնում են, որ առաջիկայում կներկայացնեն ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։