«Մեզ միայն ցույց տվեցին պարոն Հովհաննիսյանի նկարն ու հայտարարեցին՝ մուտքն Արցախ փակ է․ գիշերով վերադարձել է Գորիս». Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական
«Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր՝ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։
Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մեկնելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքն Արցախի Հանրապետության տարածք։
«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:
Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապա և հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը՝ Մամիկոն Սարգսյանը, ասաց, որ տեղեկություն չունեն, թե ինչո՞ւ է արգելվել Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։
«Արգելքի վերաբերյալ որևէ բացատրություն չեն տվել, պարոն Հովհաննիսյանին պարզապես առանց բացատրության թույլ չտվեցին մտնել Ստեփանակերտ։ Նա գիշերով վերադարձել է Գորիս, ընդ որում՝ նա գնում էր Արցախ՝ թոռան մկրտության արարողությանը մասնակցելու համար։
Վաղը կամ մյուս օրը պարոն Հովհաննիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։
Աղավնո գյուղի անցակետում խաղաղապահները որևէ բան չասացին արգելքի պատճառների մասին, միայն ասացին, որ մուտքն արգելված է, և վերջ։ Միայն մեզ ցույց տվեցին պարոն Հովհաննիսյանի նկարն ու հայտարարեցին՝ մուտքն Արցախ փակ է»,- նշեց Մամիկոն Սարգսյանը և հավելեց, որ առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի բոլոր հարցերին։