«Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են՝ սա լավ է». Կարմիր Շուկայի դպրոցի տնօրեն

Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից տեղեկացրել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով վնասվել էր Կարմիր Շուկայի բնակիչներից մեկի տան դուռն ու պատուհանը։

168.am-ի հետ զրույցում Կարմիր Շուկա համայնքի դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Ըստ դպրոցի տնօրենի, այս ընթացքում դպրոցը փակ է, երեխաներն արձակուրդում են, իսկ այն ժամանակ, երբ երեխաները դպրոցում են, և թշնամին դիմում է սադրանքի, երեխաները խուճապի չեն մատնվում, գնում են ապաստարաններ։

Կարդացեք նաև

«Ի՞նչ կարող ենք անել, կրակոցների դեպքում, ապաստարաններ ունենք, երեխաներին տեղափոխում ենք ապաստարան։ Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են, և սա լավ է»,- նշեց Էդիկ Բադասյանը։

Տնօրենը փոխանցեց նաև՝ թեպետ տվյալ պահին իրավիճակը գյուղում հանգիստ է, բայց  կրակոցների սպասում են ցանկացած ժամանակ,  քանի որ թշնամին հաճախ է սադրանքների դիմում։

«44-օրյա պատերազմի ժամանակ մեր դպրոցը շատ է վնասվել, աստիճանաբար վերանորոգում ենք, բայց այդ վիճակն ուսումնական պրոցեսին բնավ չի խանգարում։ Ճիշտ է, այս պահին ամբողջությամբ չենք վերականգնել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կարմիր Շուկա տեղափոխված ներքին տեղահանված 2 ընտանիքի երեխաներ նույնպես հաճախում են մեր դպրոց»,- շեշտեց Կարմիր Շուկայի դպրոցի տնօրենը։

Նշենք, որ թշնամու կրակոցների թիրախում Կարմիր Շուկան մշտապես է հայտնվում, այս տարվա սկզբին թշնամին կրակել էր տներից մեկի պատուհանին, որտեղ երեխաների ննջասենյակն էր։ Բարեբախտաբար, այդ ժամանակ երեխաները սենյակում չէին եղել։

Տեսանյութեր

Լրահոս