
Ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի տան պատուհանը և մուտքի դուռը

Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը հուլիսի 28-ին ժամը 16:50-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Ոստիկանություն դիմած բնակչի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 28-֊ին ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե:
Արցախի ՊԲ-ն նաև հայտնել էր, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը: