Հայ ռազմագերիների վերադարձի փուչիկն ու փաշինյանական աստիճանաբար մեղմացող հռետորաբանությունը
Օրեր առաջ կառավարության դիմաց էին հավաքվել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատները՝ պահանջելով վերադարձնել մոտ երկու տարի գերության մեջ պահվող իրենց հարազատներին: Կառավարությունից, բնականաբար, արձագանք չեղավ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և կնոջ հետ մեկնել է արշավի:
Ավելի քան երկու շաբաթ առաջ տարածաշրջան էր այցելել Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ալիևը, ի տարբերություն հայկական կողմի, մի շարք հարցերից բացի, խոսել էր Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների մասին, անգամ հրապարակել 4000 թիվը, մինչդեռ պաշտոնական Երևանը Տոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում բառ անգամ չի հիշատակել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:
Փորձագետները վստահ են, որ հայկական կողմը հետևողական չէ այս հարցում: Գերիների հարցը խանգարում է Հայաստանի ղեկավարությանն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների գործընթացին: Հավանաբար նաև նախընտրական շրջանը վաղուց հաջողությամբ հաղթահարվել է, և հայ ռազմագերիների գերզգայուն թեման այլևս շահարկելու կարիք չկա, ինչպես դա արվում էր 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանի վերադարձներ մեր բոլոր ռազմագերիներին: Պաշտոնական Բաքուն, սակայն, շարունակում է պնդել, որ նրանց բոլորին վաղուց վերադարձրել է, իսկ իրենց մոտ պահվող 38 գերիները ռազմական հանցագործներ են։ Նույն թիվը կրկնում և հաստատում է նաև Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանական ընտրությունների հաջող ելքից հետո, երբ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը վերարտադրվեց, փոխվեց գերիների վերաբերյալ հռետորաբանությունն ու հայտարարությունների ենթատեքստը:
Մինչ երկրի ներսում կարևորագույն հարցերի լուծման անհնարինության համար իշխանությունը մեղադրում է բոլորին, միջազգային ատյաններում կոնկրետ աշխատանք են տանում կոնկրետ մարդիկ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի համար առնվազն ընկալելի չէ գործող իշխանության հռետորաբանությունն ու հայտարարությունները, որոնք բոլորովին էլ հայկական կողմի շահերից չեն բխում:
Աննա Դեմիրճյան