«Չենք նայում գյուղի վերաբերյալ Նիկոլի կամ մեկ ուրիշի ցանկություններին, աշխատում ենք մեր հողի համար, գյուղի համար». Աղավնոյի գյուղապետ

Վերջին ամիսներին Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե շուտով ամբողջությամբ տիրանալու է Արցախի Հանրապետության Բերձորի շրջանին, այդ թվում՝ Աղավնո գյուղին, մինչդեռ հայկական կողմը Բերձորը շրջանցող ճանապարհ չի կառուցել։ Այդ ամենին զուգահեռ՝ Աղավնոյում բնակիչներն իրենց բնականոն կյանքով են ապրում ու ամեն ինչ անում են գյուղը զարգացնելու համար։

168.am-ի հետ զրույցում Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ գյուղում բնակիչների համար ամեն օր աշխատանքային օր է, ամեն օր փորձում են գյուղում ինչ-որ բան ավելացնել ու զարգացնել։

«Այս պահին, օրինակ, 120 մետր պատի վրա նկարչություն են անում։ Դրանից զատ, մենք նախապատրաստական ծրագրերի մեջ ենք, դպրոցն ենք վերանորոգում։ Լուսավորման հարցեր ունենք, դրա վրա ենք աշխատում, էլեկտրաէներգիան հաճախակի է խափանվում, այդ պատճառով էլ ցանկանում ենք արևի ճառագայթներից էներգիա ստանալ, հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում։ Մեր աշխատանքային օրակարգը հագեցած ու խիտ է, չենք նայում մեր գյուղի վերաբերյալ Նիկոլի կամ մեկ ուրիշի ցանկություններին։ Ժամանակ չենք կորցնում, աշխատում ենք մեր հողի, գյուղի համար»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Խոսելով շրջանառվող լուրերին, թե Բերձորը շրջանցող ճանապարհի նախագծման աշխատանքները սկսվել են, Անդրանիկ Չաուշյանը հակադարձեց՝ որևէ բան իրեն դրա վերաբերյալ հայտնի չէ, միայն քննարկումների մասին են լսել։

«Մեզ որևէ որոշում ցույց չեն տվել, որոշում չկա, երբ մենք այն տեսնենք, որ իրականանում է, այդ ժամանակ մեր ասելիքը կասենք։ Կտեսնենք, Կոռնիձորի կողմից 6,5 կիլոմետրը դո՞ւրս են գալիս, թե՞ ոչ։ Թող քննարկեն, քննարկման մեջ են՝ կտեսնենք»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, Աղավնոյի գյուղապետն ասաց, որ մարդիկ դաշտերը չեն մշակում, միայն տան դիմացի փոքրիկ պարտեզներն են մշակում, գյուղից շատ քիչ մարդիկ են հողագործությամբ զբաղվում։

«Մեկ-կամ երկու անհատներ կարող են լինել, որ դաշտերը մշակեն»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Տեսանյութեր

Լրահոս