Պետքարտուղարությունը խոստովանեց՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության «էջն» այս փուլում փակ է
Ուղիղ երկու ամիս դադարից հետո նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: «Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող՝ աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին»,- ասված է հաղորդագրությունում, հավելելով, որ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: «Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է ՀՀ կառավարության տարածած տեքստում:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։
- «Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապուղիների դյուրացման հարցում:
- Քարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։
- Նա նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:
- Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է վարչապետին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական թափի և կոնկրետ պայմանավորվածությունների համար»։
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի հաղորդագրությունը նույնական էր, մեկ տարբերությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի պաշտոնական հաղորդագրության, Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:
Այս հեռախոսազրույցներից հետո այսօր հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեն:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով, և որքանով ինքը տեղյակ է՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Չի բացառվում, որ Բլինքենի հեռախոսազանգերն ու Փաշինյան-Ալիև հանդիպումը միմյանց հետ կապ ունեն, և ամերիկյան կողմը նպաստել է, որպեսզի կողմերի միջև բարձրաստիճան հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի:
Պետքարտուղարի հեռախոսազանգերի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրություններն ուշագրավ դիվանագիտական նյուանսներ են պարունակում: Նախ ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգները հայտ է ներկայացնում մասնակցել տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացին, որը տեղի է ունենում Ռուսաստանի միջնորդությամբ, և այդ ուղղությամբ արդեն պայմանավորվածություններ կան:
Ամերիկյան կողմը չի թաքցնում, որ աջակցում է ԵՄ միջնորդությամբ գործընթացին, որում առաջնահերթությունը տրված է հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությանը՝ առանց այլ միջնորդների:
Բնականաբար, խոսքը Ռուսաստանի մասին է: Ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է նրան, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում, որպես համանախագահ երկիր, այլ որպես առանձին միջնորդ՝ երկկողմանի տարբերակով:
Սրանով, ըստ էության, ամերիկյան կողմը հաստատում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը գոնե այս փուլում անհնար է, ԱՄՆ-ը պատրաստ չէ և չի ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ:
ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդգծում է նաև, որ պատրաստ է աշխատել համախոհ գործընկերների հետ: Ներկայումս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որևէ ռեգիոնում համախոհներ չեն: Այսինքն՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդգծեց, որ չի աշխատելու Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորման գործընթացում:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն, ով հունիսի երկրորդ կեսին տարածաշրջանում էր, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել էր Դոնֆրիդը: Հստակեցնող հարցին, թե համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ, Պետքարտուղարության պաշտոնյան պատասխանել էր.
«Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։
Ստացվում է, որ մեկ ամիս անց Պետքարտուղարությունը լիովին այլ դիրքորոշում է ներկայացնում: Թերևս, պետք է հիշեցնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե իրեն թույլ կտար կասկածել Քերըն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ:
«Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,- ասել էր Զախարովան: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել:
Այնուամենայնիվ, Պետքարտուղարության վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը գոնե ներկայումս փակ է ԱՄՆ-ի համար, հետևաբար՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի համար՝ ևս: