Սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը. Էրդողանը՝ Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական TRT մեդիահոլդինգին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել էր Կուրբան Բայրամի տոնի առթիվ, վերջինս էլ՝ Վարդավառի տոնի առթիվ:
TRT-ի հետ հարցազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է «կարմիր գիծ» և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո միայն Անկարան կբացի սահմանները․
«Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: Մենք կբացենք մեր դռները այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»,-հայտարարել է նա՝ ավելացնելով.
«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր, բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքերից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։ Էրդողանը կրկին անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։
Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Ի դեպ, հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշել էին մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները, ինչպես նաև պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: