Ադրբեջանը զգուշացնում է՝ Տավուշի ուղղությունն իր համար ռազմավարական նշանակություն ունի, Կրեմլն իր նպատակներն ունի

Մոտ մեկ ամիս առաջ 168.amգրել էր, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:

«Շինարարություն գնում է, բայց թե ո՞վ է սարքում, ո՞ւմ համար են սարքում՝ ես չգիտեմ, մեր ֆունկցիան չի: Գյուղից մոտ 1 կմ հեռու է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը:

Այս տեղեկությանը հաջորդել էր Կառավարության համապատասխան որոշումը:

Կարդացեք նաև

Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:

Նշվում է նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նման կետ ռուսները նաև Ոսկեպարում են կառուցելու և ոչ միայն:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հատկապես Այգեպարի հատվածում ռուսական ռազմական օբյեկտի կառուցման փաստին են ուշադրություն դարձրել:

Եվ հաշվի առնելով հայաստանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ շինարարություն է ընթանում Այգեպար գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, որտեղ խորհրդային տարիներին Յակ-40 օդանավի թռիչքուղին էր, ադրբեջանական կողմը գալիս է հետևյալ եզրահանգման՝ ռազմական նշանակության ինչ-որ օբյեկտ է կառուցվում ռուսական կողմի կարիքների համար:

Մյուս կողմից՝ առկա է հունիսի 17-ի ՀՀ կառավարության վերևում նշված առարկություն-որոշումը՝ ընդլայնելու ՀՀ-ում ռուսական բազայի «աշխարհագրությունը», որը իրավական հիմք է ստեղծում Հայաստանում ռուսական նոր ռազմական օբյեկտների կամ բազաների համար:

Ի դեպ, Այգեպար գյուղն ադրբեջանական Ալիբեյլիից 1 կիլոմետրի վրա է գտնվում:

Caliber.az-ը ենթադրում է, որ նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող ռուսական օբյեկտը հնարավոր է ունենա թռիչքուղի, եթե ոչ՝ ավիաբազա:

Ինչի՞ է սրանով պատրաստվում Կրեմլը, ադրբեջանական լրատվամիջոցը մի քանի վարկած ունի: Օրինակ, հնարավոր է Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո ՌԴ-ն իր այդ խաղաղապահ կոնտինգենտը տեղափոխի Հայաստան:

«Միամտություն կլինի կարծել, որ մանդատի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը կլքի Հարավային Կովկասը»,- նշում է ադրբեջանական կայքը՝ միաժամանակ նկատելով, որ 3 տարում դեռ շատ բան կարող է փոխվել համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:

Երկրորդ՝ վերլուծության հեղինակը նշում է, որ Տավուշում, մասնավորապես Այգեպարի հատվածում ռուսական օբյեկտի առկայությունը կարող է ազդեցության հզոր գործիք դառնալ Երևանի և Ադրբեջանի վրա: Վերջինի վրա ՌԴ-ն կարող է օգտագործել, օրինակ, Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման և Եվրոպա գազ մատակարարելու հարցերում, այսինքն, նպատակը մեկը չէ:

Մի բան հստակ է, ինչպես նշում է Caliber.az-ը, չնայած 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությանը և ձախողմանը, Ադրբեջանի համար տավուշյան ուղղությունը պահպանում է իր ռազմավարական կարևոր նշանակությունը:

«ՀՀ պետական սահմանն այս տեղամասում «փակում» է հարաբերական նեղ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքը դեպի Վրաստան, որը տնտեսական անվտանգության առումով կարևոր նշանակությունի ունի և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի համար: Այստեղով են անցնում նաև նավթային-գազային խողովակները, որոնք արդեն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն»,- նշվում է Caliber.az-ի ռեպորտաժում:

168.amգրել էր, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ Տավուշի մասին հիշատակում է եղել:

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Մենք գրել էինք նաև, որ այս կետն այդ պահին հանվել է Լաչինի միջանցքի հետ կապված զիջումների դիմաց նաև:

Տեսանյութեր

Լրահոս