«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ». Շավարշ Քոչարյան
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ արգելվել է իր մուտքը Հայաստան:
«Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում ճանաչվել եմ անցանկալի տարր»,- գրել էր Մուրադ Փափազյանը:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել էր, թե ինչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- մասնավորապես նշված էր այդ պարզաբանման մեջ:
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադարձել է այս թեմային:
«Նախ՝ այդ պարզաբանումը ցույց է տալիս այն կազմողների մասնագիտացման, պրոֆեսիոնալիզմի «Ճ» մակարդակը: Վերանանք նրանից, թե խոսքն ում մասին է: Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նախկին փոխարտգործնախարարի խոսքով՝ նախ ծիծաղելի է, երբ տրվում է նմանատիպ բացատրություն:
«Ավելին ասեմ. եթե բացատրություն չտային, նույնիսկ խորհրդավոր բան կլիներ: Հանրությունը կմտածեր: Մարդ կա՝ կմտածեր՝ Թուրքիայի ագենտն է: Բայց այս բացատրությամբ հայտնվում են լրիվ հիմար վիճակում: Ստացվում է՝ եթե սա է բացատրությունը, ուրեմն մարդը կամա-ակամա պիտի մտածի՝ ուրեմն արգելելու դրդապատճառները նույնն են, ինչ Ադրբեջանում և Թուրքիայում: Ուրիշ բացատրություն չես կարող տալ: Նետել են….Էդ ո՞ր ժողովրդավարական երկրում ձու ու լոլիկ չեն նետում: Դրա համար մարդկանց վտարո՞ւմ են երկրից, ասում են՝ իրավունք չունե՞ս այս երկրում լինել: Այսինքն՝ էս մեր ժողովրդավարության բաստիոնն է դրա մասին խոսում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց նաև հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ թեմայի վերաբերյալ այսօր կատարած գրառումը:
«Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»,- գրել էր նա:
Շավարշ Քոչարյանն ասաց՝ չի ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը, այնքան որ դա անհեթեթ է, բայց կանդրադառնա ժողովրդավարությանը:
«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ: Սրանց պատկերացումը դա է: Ժողովրդավարությունն ընդամենը միջոց է, մեխանիզմ քո պետությունը արդյունավետ դարձնելու համար, քո պետության յուրաքանչյուր անհատի՝ հարգանքի արժանանալու համար: Այսինքն՝ ժողովրդավարությունը միջոց է, իսկ իրենք հռչակում են ինքնանպատակ: Ավելին, կատարում են ճիշտ հակառակը, ինչ պահանջում է ժողովրդավարությունը: Այ սա է… Նպատակ, միջոց… Ամեն ինչ խառնվել է… Ո՞րն է նպատակը: Պետությունն էլ ինքնանպատակ չէ: Որ ասում են՝ հանուն պետության, պետությունն ինչի՞ համար է: Պետությունն էլ միջոց է, ժամանակակից աշխարհում հզոր մեխանիզմ է քո ազգային շահերին հետամուտ լինելու համար: Այ սա է պրոբլեմը: Միջոցը դառնում է ինքնանպատակ, աղավաղվում է, և իմ ասած օրինակով՝ պետությունը դուրս են բերում բեմահարթակ, ասում՝ սա է ժողովրդավարությունը, ու մի այլանդակություն է այնտեղ երևում, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում