
Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
-Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան:
-Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն: