Բաժիններ՝

Աստված դատել չի՞ արգելում

«Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ 8:7)

Ամեն անգամ մենք հիշում ենք որ ասվել է, թե «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ․ 7։1-2), սակայն ինքներս մեզ չենք տալիս հարցը, թե արդյոք Քրիստոս արգելո՞ւմ է դատել։

Քրիստոսի այս պատգամի առաջին հատվածը՝ «Մի՛ դատեք», այո՛, արգելք է, երբ կտրում ենք այն ասվածի համատեքստից։ Սակայն երբ երկրորդ մասն ենք դիտարկում՝ «որ Աստծուց չդատվեք», այս միտքն արդեն դառնում է ոչ թե արգելող, այլ ավելի ճիշտ կլինի ասել՝ սրտացավ Հոր մի խորհուրդ, Ով վստահաբար գիտի՝ ինչ է սպասվում դատողներին։

Ուստի Քրիստոս չի արգելում դատել, միայն զգուշացնում է, որ յուրաքանչյուրն իր չափով է չափվելու, իր դատաստանով՝ դատվելու։

Հովհաննեսի Ավետարանում էլ ներկայացված է մի դրվագ, երբ Քրիստոս հանդիպեց մարդկանց, ովքեր ցանկանում էին քարկոծել մի կնոջ, ով շնացել էր։ Քրիստոս այդ դրվագում էլ չարգելեց դատել, քարկոծել նրան, այլ միայն մի բան ասաց․ «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ 8:7)։

Աստված մեզ չի արգելում մեկին դատել, բայց պայման է դնում՝ դատեք, եթե արդար եք, եթե անմեղ եք, կատարյալ եք։

Ո՞վ է կատարյալ։ Միակ կատարյալը՝ դատավորն Աստված է, և միայն Նա ունի իրավունքը դատելու։ Ուստի՝ ամեն անգամ, երբ դատում ենք, ինքներս մեզ հարցնենք՝ ի՞նչ խղճով եմ դատում նրան, ում նույնիսկ Տերը չի դատում, և կամ էլ ի՞նչ խղճով եմ վերցնում դատավորի այդ դերն ինձ վրա, երբ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չեմ կարող լինել արդար։

Ուստի՝ հիշելով, որ Տերը մեզ չի արգելել դատել, ևս մեկ անգամ հարցնենք մեզ՝ արդյո՞ք հենց ես իրավունք ունեմ նետել այդ քարը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս