Կառավարությունն ո՞ւր է պատրաստվում տանել երկիրն այս և առաջիկա տարիներին

Կառավարությունը հույս ունի, որ այս տարի կհասնի տնտեսական աճի նախատեսված թիրախային ցուցանիշին։ Հաջորդ 3 տարիներին էլ կապահովի 7 տոկոս տնտեսական աճ։

Այս հիմքի վրա է կառուցված առաջիկա 3 տարիների միջինժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն կիրականանա՞, թե՞ ոչ, այս պահին շատ վաղ է ասել։ Նախկինում էլ շատ բան են խոստացել, ու տեսել ենք, թե ինչի են հասել։

Մինչ առաջիկա 3 տարիներին հասնելը, դեռ պետք է կարողանալ ապահովել այս տարվա թիրախային ցուցանիշը։ Տեսնենք, թե ինչի՞ վրա է հույսը դրել կառավարությունը։

Դատելով միջինժամկետ ծախսերի ծրագրի կանխատեսումներից՝ մեծ ակնկալիքներ չկան տնտեսության իրական հատվածում։ Թույլ են զարգացումներն արդյունաբերության մեջ։ Կառավարության աճի սպասումն արդյունաբերության մեջ այս տարի ընդամենը 2 տոկոս է։ Ավելի քիչ, քան անցած տարի էր։

Անցած տարի էլ արդյունաբերության աճը բարձր չէր, բայց 2 տոկոսից ավելի էր։ Այն կազմեց 3,5 տոկոս՝ նախորդ տարվա 1,4 տոկոս անկումից հետո։

Այս տարի կանխատեսվում է ընդամենը 2 տոկոս աճ։ Ավելի քիչ, քան տարեսկզբի զարգացումներն են։ Հինգ ամսվա արդյունքներով, արդյունաբերության աճը 2,7 տոկոս է։ Այսինքն՝ առաջիկայում այստեղ դրական տեղաշարժերի ակնկալիքներ չկան։ Ընդհակառակը՝ սպասվում է աճի տեմպի անկումը։

Արդյունաբերության աճի տեմպը մեր երկրում շատ պասիվ է. 2020թ. արձանագրվել է 1,4 տոկոս անկում, 2021թ.՝ 3,5 տոկոս աճ։ Այս տարվա սպասումն էլ 2 տոկոս է։ Եթե դա իրականանա, ապա վերջին 3 տարիներին արդյունաբերության մեջ կունենանք միջին տարեկան ընդամենը 1,3-1,4 տոկոս աճ։ Ու այդ պայմաններում 2023թ. համար կառավարությունն արդյունաբերության 8,5 տոկոս աճ է կանխատեսում։ Հաջորդ 2 տարիներին էլ՝ 8,2-ական տոկոս։

Այս խիստ կասկածելի ցուցանիշները կառավարությունը դրել է 2023-2025թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրում ու դրանց հիման վրա կառուցել տնտեսության 7 տոկոս աճի իր սցենարը։

Պակաս տարօրինակ ու մտահոգիչ չեն տնտեսության մյուս կարևոր հատվածի վերաբերյալ կառավարության կանխատեսումները։ Խոսքը գյուղատնտեսության մասին է։

Գյուղատնտեսության հետ կապված այս տարի կառավարությունն ընդհանրապես ակնկալիք չունի։ Դրանք գնահատվել են զրո տոկոս՝ նախորդ 3 տարիների անկումներից հետո։

Հիշեցնենք՝ 2019թ. գյուղատնտեսությունը տարին փակեց 5,8 տոկոս անկումով։ Հաջորդ տարի անկումը կազմեց 3,7 տոկոս։ Անցած տարի էլ նվազեց 0,6 տոկոսով։

Երեք տարում գյուղատնտեսության մեջ կառավարությունն այսպիսի «հաջողությունների» է հասել. միջին տարեկան արձանագրվել է գրեթե 3,4 տոկոս անկում։ Ու այսքանից հետո այս տարվա աճի ակնկալիքը զրո տոկոս է։

Դա նշանակում է, որ 4 տարի հետո գյուղատնտեսությունը դեռևս գտնվելու է 2018թ. մակարդակին, որևէ աճ ու զարգացում չկա։ Այդ ընթացքում կառավարության իրականացրած միլիարդավոր դրամների ծրագրերն ու սուբսիդիաները, որոնք հատկացվել են պետական բյուջեի միջոցներից, զրո արդյունք են տվել, գյուղատնտեսության արտադրության ծավալները դրանից ոչնչով չեն ավելացել։ Գումարներն աննպատակ ու անարդյունք ծախսվել են, և ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել։

Այսպիսի տխուր վիճակագրությունից հետո, կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարի գյուղատնտեսությունը պիտի աճ արձանագրի։

Որտեղի՞ց այդպիսի լավատեսություն, հայտնի չէ։ Նույնիսկ տվյալ տարվա համար դժվար է կանխատեսել, թե ինչ սպասումներ կարող են լինել գյուղատնտեսության մեջ, ռիսկերն այստեղ չափազանց շատ են ու կարող են առաջանալ ցանկացած պահի, բայց կառավարությունն արդեն այժմվանից որոշել է, որ հաջորդ տարի գյուղատնտեսության աճը պիտի կազմի 3,2 տոկոս, 2024-2025թթ. Էլ, համապատասխանաբար՝ 3,8 և 4 տոկոս։

Գյուղատնտեսության ոլորտում, այն էլ մի քանի տարվա կտրվածքով կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Բայց կառավարությունը արել է ու դրա վրա հաշվարկել այս ու ապագա տարիների տնտեսական աճի իր ծրագրերը։

Այս տարվա տնտեսական աճի գործում կառավարությունը մեծ հույսեր չի կապում արդյունաբերության ու, հատկապես, գյուղատնտեսության հետ։ Փոխարենը՝ մեծ տեղ է հատկացրել ծառայություններին ու շինարարությանը։ Երկու դեպքում էլ երկնիշ աճի ակնկալիք ունեն։

Ծառայությունների աճը գնահատվել է 10,3 տոկոս։ Սա առնվազն կրկնակի ցածր է այն ցուցանիշից, որը պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է տարվա առաջին 5 ամիսների տվյալներն ամփոփելիս։

Թե ինչո՞ւ է կառավարությունն այդքան իջեցրել տարեվերջի ակնկալիքը, դժվար չէ ենթադրել։ Հայտնի է, որ ծառայությունների այն աճերը, որոնք ունենք այս պահին՝ կապված են հիմնականում դրսից եկած պահանջարկի հետ։ Ժամանակավոր անհարմարությունների հետևանքով, մարդիկ ու բիզնեսի որոշ հատված Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան՝ ձևավորել լրացուցիչ պահանջարկ։  Բայց այդ պահանջարկը ցանկացած պահի կարող է դադարել՝ էապես փոխելով ծառայությունների ոլորտի աճի ընթացքը։ Հավանաբար դա նկատի ունենալով էլ հաջորդ տարիների համար կառավարությունն ավելի ցածր ակնկալիքներ է դրել ծառայությունների հիմքում։ Այս տարվա 10,3-ի փոխարեն, հաջորդ տարվա սպասումը 6,5 տոկոս է՝ 3,8 տոկոսային կետով ավելի ցածր։

Ակնկալիքները նվազում են նաև հետագա 2 տարիների համար. 2024թ. ծառայությունների աճը կառավարությունը գնահատել է՝ 6,4, 2025թ.՝ 6,3 տոկոս։

Ծառայությունների հետ կապված սպասելիքներն այս տարի բարձր են, բայց պետք է հաշվի առնել, որ ոչ վաղ անցյալում այն նույնքան կտրուկ անկում էր գրանցել։ 2020թ.՝ ծառայությունների ծավալը նվազեց 9,6 տոկոսով։ Անցած տարի աճ գրանցվեց, բայց ամբողջությամբ չվերականգնվեց։ Կորցրածի մի մասի վերականգնումը շարունակվում է այս տարվա ընթացքում։

Նույնը նաև շինարարության հետ է կապված։ Այս տարի շինարարության մեջ կառավարությունը 10 տոկոս աճ է կանխատեսել միջինժամկետ ծախսերի ծրագրով։ Բայց կրկին գործ ունենք 2020թ. անկումից հետո չվերականգնված հատվածի հետ։

2020թ. շինարարության անկումը 5,9 տոկոս էր, անցած տարվա աճը՝ 3,1 տոկոս։ Գրեթե կրկնակի ավելի ցածր, քան նախորդ տարվա անկումն էր եղել։

Այս տարի շինարարությունը փորձում է վերադարձնել նաև այդ կորուստները։ Բայց հետագա տնտեսական աճի գործում ևս կառավարությունը մեծ հույս է կապել այս ոլորտի հետ։ Սպասում է, որ առաջիկա տարիներին շինարարության աճի տեմպն ավելի բարձր կլինի, քան այս տարվա ակնկալիքն է։ Գնահատականները 12,5-13 տոկոսի միջակայքում են։

Սրանք տնտեսության հիմնական ոլորտների վերաբերյալ առաջիկա տարիների սպասումներ են, որոնք կառավարությունը դրել է միջինժամկետ ծախսերի ծրագրում։ Բայց դա հավակնությունների ծրագիր է, որը դեռ պետք է իրականացնել։ Այդպիսի ծրագրեր բազմիցս ներկայացվել են ու մնացել թղթի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս