Բաժիններ՝

10 օր է՝ թռչնամսի վաճառքը մոտ 30 տոկոսով կրճատվել է. թռչնաբույծների միության նախագահ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով հուլիսի 12-ին ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի փոխանցմամբ՝ սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ արգելք չկա, սակայն այնպես չէ, որ տնտեսվարողները գնալու են՝ Չինաստանից հավի միս բերեն:

«Ներկրողները հո չե՞ն գժվել: Նախ՝ Չինաստանից այստեղ երբեք ոչ ձու է եկել, ոչ միս: Մեր մոտից են տարել: Թռչնամիս ընդհանրապես չի եկել Չինաստանից: Մենք հիմնականում թռչնամիս բերում էինք Ուկրաինայից: Նախորդ տարի 51.7 տոկոս էժանագին թռչնամիս Ուկրաինայից է ներկրվել: Հիմա բերում ենք Բրազիլիայից, Ռուսաստանից, Բելառուսից: Ներկրում ենք այնքան, ինչքան պետք է, սակայն մենք մեր թռչնամիսը չենք կարողանում վաճառել: 10 օր է՝ մոտավորապես 30 տոկոսով թռչնամսի վաճառքը կրճատվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ շեշտելով, որ թռչնամիսն այս պահին ամենաէժանն է: Գնաճն անցած տարվա համեմատ կազմել է 3.2 տոկոս, որն ամենացածրն է, իսկ տավարի, խոզի, ոչխարի մսի գինը թռիչքային աճ է ունեցել:

Կարդացեք նաև

«Մենք հիմա 1 միլիոն 300.000 ձու ենք արտադրում, երբ պահանջարկը 1 միլիոնի չի հասնում»,- հավելեց թռչնաբույծների միության նախագահը:

Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ հավի միսը, որն այս պահին չի վաճառվում, պահվում է սառնարանում: «Հավի միս երբեք չի թափվել ու չի թափվի: Հարցն այն է, որ մեզ մոտ գնի բարձրացումը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է եղել, քան Ռուսաստանում, Բելառուսում, Բրազիլիայում, որովհետև կերի դեֆիցիտն ազդել է թռչնի գնի վրա: Ինչ վերաբերում է կերի ներկրմանը, ապա ասեմ, որ որոշ չափով ներկրել ենք, սակայն չենք հասցնում պաշար կուտակել՝ անընդհատ նույն վիճակն է: Չի ստացվում երկու ամսվա կեր կուտակել»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս