«Ներհոսքի արդյունքում ոչ թե ԿԲ-ն արժևորեց հայկական արժույթը, այլ հայկական դրամն օբյեկտիվորեն արժևորվել է». ԿԲ նախագահ
«Եթե տեսնենք Կենտրոնական բանկի քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ մենք աշխարհում առաջիններից էինք, եթե ոչ առաջինը, որ տոկոսադրույքը բարձրացրեցինք։ 2020 թվականի վերջում, երբ մենք կանխատեսում էինք, որ համաշխարհային գնաճ է լինելու, և կարող է գնաճային սպասումներն ապախարսխվեն, որոշեցինք տոսկադրույքը բարձրացնել։ Արդյունքում, մեկ տարվա ընթացքում՝ 2020 թվականից մինչև 2021 թվականի վերջին, եթե չեմ սխալվում, 3,25 տոկոսադրույք բարձրացրեցինք։ Մեր գնահատականով պրոակտիվ լինելու հաշվին, ավելի շուտ այդ խնդիրը նկատելու հաշվին Հայաստանում ոչ միայն տոկոսադրույքն այդքան չբարձրացավ, այլև գնաճը որոշակի հետաքրքիր վարքագիծ դրսևորեց»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա, ի տարբերություն այլ երկրների, որոնք տոկոսադրույքը չէին փոխել, Հայաստանը փոխել էր և 2021 թվականի նոյեմբերին, երբ գնաճի պիկը 9,6 տոկոս էր, ԿԲ-ի իրականացրած քաղաքականության արդյունքում գնաճն իջել է 7,7 տոկոս, հունվարին եղել է 7,4, իսկ փետրվարին՝ 6, 4 տոկոս: Մինչդեռ այլ երկրներում գնաճը շարունակաբար աճում էր։
«Այստեղ մեր համոզմունքն այն է, որ մեր կողմից իրականացրած քաղաքականությունն արդյունավետ էր։
Ի դեպ, մենք ակնկալում էինք, որ 2022 թվականին մենք հասնելու էինք մեր գնաճի թիրախին ու հասնելու էինք երևի երկրորդ եռամսյակի ընթացքում, որովհետև գնաճը հետևողականորեն նվազում էր։ Սակայն փետրվարին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի արդյունքում մենք տեսնում ենք, որ գները, որոնք չպետք է բարձրանային, սկսեցին բարձրանալ։
Օրինակ, համաշխարհային հացահատիկի մոտ 30 տոկոսը մատակարարում են Ռուսաստանն ու Ուկրաինան, համաշխարհային արևածաղկի մոտ 65 տոկոսը նույնպես այս երկրներն են մատակարարում։ Հայաստանի սպառողական զանգվածում այս երկու ապրանքներն ունեն բավականին մեծ կշիռ, ուստի դրանց թանկացումը բազմապատկած իրենց կշռով՝ բերում է ավելի բարձր գնաճի։ Այս հակամարտությունից առաջ և այժմ տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային պարենի գների հետ։ Ֆաոյի ինդեքսը, որը այդ բոլոր ապրանքների համապարփակ ինդեքսն է, տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել է»,- շեշտեց Մարտին Գալստյանը։
Կենտրոնական բանկի նախագահը նաև ներկայացրեց, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում ինչ է տեղի ունեցել Հայաստանի ընդհանուր տնտեսության հետ։ Ըստ այդմ, ոչ ռեզիդենտների ցպահանջ արտարժութային ավանդները մարտ-հունիս ամիսներին կտրուկ աճել են։ Նույնը վերաբերում է նաև վարձակալության գներին, մասնավորապես՝ բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումները։
«Ազդեցությունը զուտ դրամական արտահայտության առումով մինչև մայիս մոտ 500 մլն դոլար էր, իսկ հունիսին ևս էական աճ ունենք։ Այս ներհոսքի արդյունքում ոչ թե ԿԲ-ն արժևորեց հայկական արժույթը, այլ այս երևույթներով պայմանավորված՝ հայկական դրամն օբյեկտիվորեն արժևորվել է։ Եթե ԿԲ-ն քայլեր պետք է անի, պետք է արհեստականորեն արժեզրկի հայկական դրամը։
Այս հոսքերի արդյունքում ունեցանք անվանական փոխարժեքների արժևորում։ Եթե մենք չունենայինք այս արժևորումը, որն ունեցանք ապրիլ-հունիս ամիսների ընթացքում, ապա մեր գնաճը մայիսին ապրիլի համեմատ կլիներ ոչ թե 0,1 տոկոս, այլ կլիներ 0,9 տոկոս»,- ընդգծեց Մարտին Գալստյանը։