Բաժիններ՝

Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանել է Գոռ Մինասյանի հետ կապված իրավիճակը

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանի ՝ Բահրեյնի ընտրանիում հանդես գալու թեմային.

«Սիրելի՛ մարզասերներ, մարզաշխարհը լուսաբանող հարգելի՛ լրատվամիջոցներ,

Հարկ ենք համարում պարզաբանել Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կապված վերջին տեղեկատվությունը:

Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:

Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:

Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:

Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու Ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը:

Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, զերծ մնացեք կամա թե ակամա ապատեղեկատվություն տարածելուց, որոնք հիմք են ստեղծում ավելորդ ասեկոսեների, ինչը խաթարում է մարզիկների բարոյահոգեբանական վիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս