Վաղարշակ Հակոբյանը դժգոհեց Էդուարդ Աղաջանյանից՝ կարծիք հայտնելու համար

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ նախագծի հեղինակներն իրենց հանձնաժողովին շրջանցել են, այն հանձնաժողովում չի քննարկվել, հետևաբար՝ առաջարկում է քննարկումը հետաձգել, որպեսզի իրենք ևս հնարավորություն ունենան կարծիք հայտնելու։

Դիմելով Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին, Աղաջանյանը նաև ասաց, որ՝ իր հասկանալով, ըստ էության, նախագիծը  համատեղ նախաձեռնությունն է ոչ միայն ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի, այլև նախարարության։

Նախագծի հեղինակ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ ամբիոնից հակադարձեց Էդուարդ Աղաջանյանին՝ նշելով, որ օրենքի շրջանառելը և դրա հետագա ընթացքն ԱԺ-ում իրականացվում է կանոնակարգի և սահմանված ընթացակարգի համաձայն։

«Հնչեց կարծիք, թե սա համատեղ նախագիծ է, սա անհասկանալի ձևակերպում է, քանի որ այստեղ հստակ ընթացակարգ կա, որ օրենքը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, հետևաբար՝ ինքը չի կարող լինել համատեղ օրենք։ Իհարկե, մենք նախագիծը կառավարության մեր գործընկերների ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել ենք, և այս օրենքի պրոֆիլային հանձնաժողովը, որքանով տեղյակ եմ, պետք է լինի ոչ թե Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այլ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Եվ որքանով տեղյակ եմ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս օրենքից ևս որոշակի տեղեկություններ ունի։ Հիմա կհասկանանք ընթացակարգը, և ես կառաջարկեմ, որպեսզի դուք ևս որպես շահագրգիռ կողմ՝ լինեք քննարկմանը ներկա և մասնակից»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Այս քննարկմանը միջամտեց նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, թե «հանուն արդարության»՝ կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախագիծը քննարկվեր։

Ռուբեն Ռուբինյանի խոսքի ընթացքում երկու ՔՊ-ական պատգամավորներ՝ Վաղարշակ Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը, սկսեցին բարձրաձայն բանավիճել, ինչին կրկին միջամտեց Ռուբեն Ռուբինյանը։

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, քվեարկում ենք ձեր նախագիծը, երկուսդ էլ նստեք»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Չնայած Էդուարդ Աղաջանյանի առաջարկին, որ նախագծի քննարկումը հետաձգեն, որպեսզի իր հանձնաժողովը ևս կարողանա կարծիք հայտնել, այդուհանդերձ ՔՊ-ական պատգամավորների քվեարկության արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Նշենք, որ օրենքի նախագծի ընդունմամբ, Արտաքին գործերի նախարարությունում գլխավոր քարտուղարի (որը դիվանագիտական պաշտոն է) պաշտոնի համար կսահմանվի հինգ տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին տասի փոխարեն:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է չորս տարվա հանրային ծառայության ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է տասը տարվա դիվանագիտական ծառայության ստաժ: Հաշվի առնելով դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ըստ նախագծի հեղինակների՝ առկա անհամապատասխանությունը վերացնելու համար անհրաժեշտ է ավելի փոքր չափ նախատեսել, որը հնարավորություն կտա թեկնածուների ավելի լայն շրջանակի միջև ընտրություն կատարել:

Տեսանյութեր

Լրահոս