Էդուարդ Աղաջանյանը դժգոհ է. առանց իրենց նախագիծ են քննարկել

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, այդ թվում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու  մասին հարցը։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից ողջունեց ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար, ինչից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց Պ. Հովհաննիսյանին։

«Պարոն Հովհաննիսյան, ես հասկացա, որ ըստ էության սա համատեղ նախաձեռնություն է ոչ միայն ԱԺ պատգամավորի, նաև նախարարության։ Կցանկանայի հասկանալ, թե դրա հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված։ Հաշվի առնելով, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս նախագծից տեղյակ չէ, և մեզ կարծիքի չի ուղարկվել»,- հետաքրքրվեց Էդուարդ Աղաջանյանը։

Պատասխանելով, փոխարտգործնախարարն ասաց, որ արդեն նախաձեռնել էին մի շարք փոփոխություններ օրենքում։

«Այսինքն՝ գործընթացը սկսվել էր արդեն ամիսներ առաջ և ուղղված է համակարգն առավել ուժեղացնելուն, արդիական դարձնելուն։ Քննարկումներն այդ օրենքի շուրջ իսկապես տարիներ առաջ էր սկսվել, օրենքն ունի լրացումների և փոփոխությունների կարիք։ Եվ սա ոչ այդքան հրատապության, որքան այդ գործընթացն առաջ տանելու մոտեցումն է»,- նշեց Պ. Հովհաննիսյանը։

Արձագանքելով, Էդուարդ Աղաջանյանը  դարձյալ պնդեց իր հարցը՝ նկատելով, որ, առավել ևս, որ օրենքի շուրջ քննարկումները վաղուց են սկսվել, հետևաբար՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ է շրջանցվել ինստիտուցիոնալ ճանապարհը, և ԱԺ լիագումար նիստի օրակարգ մտնելուց առաջ նախագիծը  չի քննարկվել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Կրկնում եմ՝ մեր հանձնաժողով տվյալ նախագիծը չի եկել, մենք հնարավորություն չենք ունեցել քննարկել, առավել ևս, որ հրատապության խնդիր չկա։ Առաջարկում եմ նախագծի ընդունումը հետաձգել, այն քննարկել մեր հանձնաժողովում և դրանից հետո ներառել լիագումար նիստի օրակարգում»,- նշեց Է. Աղաջանյանը։

Պարույր  Հովհաննիսյան էլ իր հերթին նշեց, որ ինչ-որ տեղ հետ էին ընկել նշված ժամանակացույցից՝ նախագիծն ընդունելու առումով։

Նշենք, որ օրենքի նախագծի ընդունմամբ, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարարությունում գլխավոր քարտուղարի (որը դիվանագիտական պաշտոն է) պաշտոնի համար կսահմանվի հինգ տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին տասի փոխարեն:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է չորս տարվա հանրային ծառայության ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է տասը տարվա դիվանագիտական ծառայության ստաժ: Հաշվի առնելով դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ըստ նախագծի հեղինակների՝ առկա անհամապատասխանությունը վերացնելու համար անհրաժեշտ է ավելի փոքր չափ նախատեսել, որը հնարավորություն կտա թեկնածուների ավելի լայն շրջանակի միջև ընտրություն կատարել:

Տեսանյութեր

Լրահոս