Փաշինյանն ու «Բոլթոնի պլանը». ի՞նչ է խոստովանել Թրամփի նախկին խորհրդականը
Վերջին ժամերին Միացյալ Նահանգներից ստացված երկու մեկնաբանություն էականորեն կարևոր է՝ ամբողջացնելու համար Հայաստանի Հանրապետության շուրջ վերջին տարիներին գերենացվող «աշխարհաքաղաքական փազլը»:
Ըստ Վաշինգտոնի՝ հայ-թուրքական երկխոսությունը կարևոր է Ռուսաստանի պատերազմի ֆոնին
ԱՄՆ Պետքարտուղարությունն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական բարձրաստիճան հեռախոսազրույցին ու հայ-թուրքական երկխոսությանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա:
«Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանն այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքում:
Բոլթոնը խոստովանել է՝ ծրագրել է հեղաշրջումներ արտերկրում
2018 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, ՀՀ այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հարցազրույց է տվել CNN-ին և խոստովանել, որ ծրագրել է հեղաշրջումներ արտասահմանում, և հիշեցրել է Վենեսուելայի դեպքում ընդդիմության անհաջողությունը:
2018թ. հոկտեմբերի կեսերին ՀՀ կատարած այցի ընթացքում Բոլթոնը մի շարք կարևոր հայտարարություններ էր արել, որոնցից մի քանիսը հիշեցնենք ստորև՝
- «Վարչապետին ասացի, որ սա ակնհայտորեն շատ ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ։ Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խնդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի։ Բնականաբար, շատ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի [հովանու ներքո ընթացող] գործընթացի մասին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարևոր դերի մասին, խոսեցինք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի մասին»։
- «Կարծում եմ՝ իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։
- Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում:
- «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ, եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները:
Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները»:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Բոլթոնի երևանյան այցից անմիջապես հետո լրատվամիջոցները հրապարակեցին վարկած, որ ամերիկացին Փաշինյանին հրավիրել է դառնալ տարածաշրջանային իրողությունների վերանայման գլոբալ նախագծի մաս, որը նախատեսում է ոչ միայն իրանական գործոնի ոչնչացում, այլև աշխարհաքաղաքական պլան Մերձավոր Արևելքի փոխակերպման համար, որտեղ Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է։
«Բոլթոնի ծրագրով Հայաստանը պետք է ձերբազատվեր «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ դուրս գար ռուսական ազդեցությունից և հայտնվեր արևմտյան ազդեցության ուղեծրում։ Եվ քանի որ Թուրքիան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի» և հավաքական Արևմուտքի օպերատորն է, Փաշինյանին փաստացի առաջարկվել է մտնել թուրքական շահերի ուղեծիր։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդականը փաստացի պահանջում էր, որ Հայաստանը դառնա Իրանի դեմ ուղղված քայլերի մասնակից՝ չբացառելով հայ-իրանական սահմանի փակումը, ինչի մասին ավելի ուշ ամբիոնից խոսեց ինքը՝ Փաշինյանը, Ազգային ժողովում: «Բոլթոնի պլանը» նախատեսում էր նաև այն, որ Հայաստանը պետք է գնա զիջումների ղարաբաղյան հարցում՝ «մինչ այդ իր հասարակությանը նախապատրաստելով խաղաղության»։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ Թրամփի նախկին խորհրդականի մոտեցումը ներառում էր և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը, և՛, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «վճռական կարգավորումը»։
Բոլթոնի պլանը՝ Հարավային Կովկասում
Ըստ Պողոսյանի, «Բոլթոնի պլանի» թիրախն Իրանն էր, իրագործման գործընկերները՝ Թուրքիան և Ադրբեջանը, իսկ ռազմավարական թիրախը՝ Ռուսաստանը: Պողոսյանը ենթադրել է նաև, որ ռեգիոնում իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տվել, որ Փաշինյանն իսկապես լսել է Բոլթոնին, ով ԱՄՆ-ում հայտնի է՝ որպես թուրքական լոբբիի ներկայացուցիչ և այս ողջ պատմության մեջ, նրա խոսքով, Հայաստանին տրվել է մանրադրամի դեր: Նա նաև նշել է, որ ՀՀ-ում ապագա ցանկացած իշխանություն պետք է պատասխանի հարցին՝ արդյո՞ք ինչ որ կերպ Բոլթոնը ներգրավված է եղել 2018 թվականի հայաստանյան գարնանային իրադարձություններին:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նախ անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքին, արձանագրեց, որ միջագային դիվանագիտությունը շարունակում է իր բացասական ավանդույթները և փորձում է անգամ երկկողմ հարաբերությունները հարևան երկրների միջև վերածել իր անձնական շահերի ու անձնական մեծ քաղաքական խնդիրների սպասարկման, այն էլ՝ հայ-թուրքական հարաբերությունը, որը դարերի կնճռոտ խնդիրներից մեկն է:
Ըստ նրա, սրանով արևմտյան ուժերն ու ԱՄՆ-ը ցույց են տալիս, որ առնվազն անկեղծ չեն իրենց խաղաղասիրական և այս տարածաշրջանում լարվածության թուլացմանը միտված քայլերում:
«Այս հայտարարությունը շատ նման է ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացելու հայտարարությանը, որտեղ նույնպես ոչ թե շեշտադրումն արվում էր հայ-կանադական հարաբերությունների սերտացման կոնտեքստում, այլ կրկին հակառուսական և ռուսական ազդեցության զսպման համատեքստում: Եթե ընդհանուր գնահատական տանք, ապա Հայաստանի հետ կրկնվում է այն ճակատագրապաշտական խնդիրը, որ դարեր շարունակ մեզ ուղեկցել է՝ Հայաստանը դառնում է մեծ ուժերի պայքարի՝ քաղաքական, ռազմական, թատերաբեմ:
Եվ այս բարդ իրավիճակում, երբ խաչվում են տարբեր գերտերությունների շահեր, հայ-թուրքական ներկայիս գործընթացը ներկայացնել զուտ պարզունակ, միայն դրական շեշտադրումներով պետական քարոզչամեքենայի կողմից, առնվազն ճիշտ չէ, առնվազն անկեղծ չէ հանրության առջև, որովհետև այս հայտարարությունն ապացույց է, որ հայ-թուրքական խնդիրը մեր քաղաքականության խնդիրն է, և այստեղ ցանկացած անզգույշ քայլ կարող է ունենալ շատ մեծ ցավալի հետևանքներ մեզ նման փոքր երկրների համար: Եվ ամենավերջում՝ գաղտնիք չէ, որ այս տարածաշրջանում ամենաէական ազդեցությունն ունի ՌԴ-ն, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդ հարաբերություններում գոյություն ունեցող անկեղծության բաղադրիչը պետք է պահպանվի, և հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է ծառայեցվեն մեր դաշնակցի դեմ, իսկ սրանով փաստորեն մենք մտնում ենք մի մեծ քաղաքական խնդրի մեջ: Ինչպես կանխատեսում էինք մասնագետներս մի քանի օր առաջ, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը սովորական զրույց չէ և շարունակական տարբեր փուլերի միայն երևացող փուլն է, և հայտարարությունը դրա ապացույցն է»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
ՀՀ իշխանություններն իրականացնում են բոլթոնյան պոստուլատները
Անդրադառնալով Բոլթոնի խոստովանություններին և հարցին՝ արդյոք Բոլթոնի խոստովանությունն ինչ-որ կերպ վերաբերելի՞ է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ Մելքոնյանն ասաց, որ սթափ մտածող մարդկանց մեջ չկան այնպիսիք, որոնք կարծում են, թե 2018 թվականի դեպքերը մեծ քաղաքական խարդավանքի մաս չեն կազմում, և այդ պրոցեսի, այսպես կոչված, հեղափոխության մեջ, բացահայտ ընդգրկված չեն տարբեր ուժային կենտրոններ իրենց ազդեցության լծակներով:
Նրա խոսքով, պարզ է, որ անկեղծ բողոքի դուրս եկած քաղաքացիների կողքին կային նաև բավական հայտնի կենտրոնների հետ հստակ կապեր ունեցող շրջանակներ, որոնք ակտիվ մասնակցում էին այդ պրոցեսներին և հետո ակտիվ դեր ստանձնեցին պետական կառավարման մեջ՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:
«Բավական անկեղծ է Բոլթոնը: Կարծում եմ՝ նրա անկեղծությունը փաստող ևս մեկ հայտարարության պետք է ուշադրություն դարձնենք, որն արվեց նրա ՀՀ այցի ընթացքում՝ ՀՀ-ն պետք է ձերբազատվի իր պատմական կաղապարներից, որոնցից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանության ընկալմանը, մյուսը վերաբերում է Արցախի անկախությանը:
Փաստորեն բոլթոնյան պոստուլատներն իրականացնում են այս իշխանությունները: Պատգամավորների մակարդակով հնչող հայտարարությունները, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, որ Բերձորը հայկական չէ, կարծում եմ՝ Բոլթոնի կոչերի կամ խրատների ուղղակի հետևանքներն են: Իր այս վերջին հայտարարությունն ի ցույց է դնում, որ այս ամբողջ պրոցեսն ունի մեծ քաղաքական ուժային կենտրոններից բխող ուղղորդումներ, դրանցում թաքնված են իրենց շահերը, և այս ամենում հայկական շահերը, Հայաստանի խնդիրը, հայ քաղաքացու խնդիրն ուղղակի ֆոն էին, որ ապահովեցին 2018 թվականի այդ ոգևորությունը: Իսկ իրականում ՀՀ-ն դարձավ մանրադրամ մեծ խաղերի համար»,- ասաց Մելքոնյանը:
Նա նաև նշեց, որ տեղի է ունենում մեր պետության ոճի փոխակերպում:
Մելքոնյանի խոսքով, ՀՀ-ն դառնում է սպասարկու պետություն և սպասարկում է այլոց շահերը:
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող ուժային փոփոխությունները, Ռուսաստանի դուրսմղումը, Արևմուտքի ամրակայման ցանկությունը տեղի է ունենում նաև Հայաստանի և հայկական շահերի ոտնահարման միջոցով: Կանադայի դեսպանության, Պետքարտուղարության, Բոլթոնի հայտարարությունները՝ բոլորն այս նույն օպերայի մի մասն են: Ուշագրավն այն է, որ շատ բաց են խաղում, գիտակից հասարակությունը վաղուց կողմնորոշվել է, թե ինչ իրավիճակում է հայտնվել»,- պարզաբանեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը: