Մայր Աթոռը հակադարձում է ԿԳՄՍ նախարար Դումանյանին՝ Մայր Աթոռի դիրքորոշումը չի՛ փոխվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը և կարևորել է Մայր Աթոռի հստակ դիրքորոշումը:
«Չողջունելը մի բան է, դեմ լինելը՝ այլ: Օրինակ, եկեղեցին հստակ տեսակետ էր արտահայտել, և այդ դիրքորոշումն անդրդվելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ժամաքանակի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս քննարկվող հարցը պակաս կարևոր չէ, ու այստեղ առավել հստակ դիրքորոշումը կօգներ շատերիս: Որպես հայ քրիստոնյա՝ հստակ տեսակետի ակնկալիք ունեմ»,- Մայր Աթոռի դիրքորոշմանն անդրադառնալով՝ ասել էր նախարար Դումանյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նոր հայտարարություն պատրաստո՞ւմ են, թե՞ ոչ, և հստակ դիրքորոշում լինելո՞ւ է, ինչպես նշել էր Դումանյանը, վերջինը պատասխանեց.
«Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հստակ հայտարարությամբ դեռևս սույն թվականի մարտ ամսին: Եվ այդ առումով Մայր Աթոռի դիրքորոշումը չի փոխվել: Հայտարարության մեջ նաև հստակ առաջարկ կար, որ այդ հուշարձանը կառուցվեր Ամենափրկիչ խաչքարերի նմանությամբ, ինչը, ինչպես հայտնի է, հաշվի չառնվեց»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը շեշտեց՝ մարտ ամսին արված հայտարարությունն անփոփոխ է:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:
Նշվում է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:
«…Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»,- ասված էր Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Այս մասին հուլիսի 7-ին կառավարության նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ. .«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «…նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին:
Այս հաղորդագրությանը հաջորդել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը, որում ասված էր․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»: