Բաժիններ՝

Աղոթքը երբեք չի ընդհատվում

Սովոր ենք ասել, թե աղոթելու համար կա հստակ ժամանակ, հստակ արարողակարգ, սակայն մի պահ կանգ առնենք և նայենք, թե ինչպիսին է իրականությունը։ Արդյո՞ք մենք ինքներս իրական կյանքում հատուկ կարգով ենք աղոթում։

Իրականությունն այն է, որ Տիրոջը մշտապես ունենք մեր կողքին և զրուցում ենք Նրա հետ շարունակաբար։ Աղոթքներում մեր արտահայտած միտքը, որ թվում է՝ նոր է, իրականում ընդամենը շարունակությունն է նախորդ ասվածի։ Աստծո հետ խոսելիս ամեն անգամ չենք ներկայանում, չենք բացատրում ինչ-որ բան, այլ շնորհակալություն ենք հայտնում այնպես, ասես երբևէ հրաժեշտ չենք տվել։ Այդպես էլ կա։ Չէ՞ որ հենց Նա՝ Քրիստոս, ասաց․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.21):

Աղոթքը երբևէ ընդհատվո՞ւմ է։

Որպես նախորդ ասվածի շարունակություն եզրակացնում ենք, որ ոչ։ Ինչպե՞ս կարող է ընդհատվել զրույցը քո հոր հետ, երբ երկուսդ էլ տանն եք, գտնվում եք նույն վայրում։ Այո՛, հնարավոր է մի պահ լռենք, խորհենք, սակայն մյուս պահին էլ սկսենք խոսակցություն՝ առանց ներկայանալու, թե ով ենք, առանց պատմելու մեր կյանքի պատմությունը, առանց ներկայացնելու մեր մտքերը։

Այդպես էլ մեր Երկնավոր Հոր դեպքում է․ Նա Ինքն ամենից լավ գիտի ամեն բան մեր մասին, մեր սրտի մասին, մեզ հետ կատարվողի մասին։ Ուստի՝ մեզանից մեր աղոթքը սկսելիս չի պահանջվում պատմել ինչ-որ բան, այլ ընդամենը վերսկսել մեր չընդհատված խոսակցությունը, երկխոսությունը Հոր հետ։

Անշուշտ, սա ասելով՝ նկատի չունենք, թե աղոթքին հարկ է անլուրջ վերաբերվել, բնավ ոչ։ Սառը սրտով աղոթքը թերի և ոչ կատարյալ է, սա հիշենք մշտապես։ Չէ՞ որ Աստված ամենից առաջ մեր սրտի բաղձանքն ու տենչանքն է ուզում տեսնել, որ անուշաբույր խունկ է Նրա առաջ: Եթե աղոթքը չունենա այդ բաղձանքը և սերը, կնմանվի կրակի վրա չդրված խունկի, որ անուշահոտություն չի արձակում: Նույնպես և թերի է աղթքը, երբ կատարված է բարկությամբ, քենով ու սրտնեղությամբ։ Երբ սիրտն ու միտքը ոչ թե աստվածայինի, այլ մարդկայինի մասին են խորհում։

Սուրբ Հովհան Ոսկեբերանը կատարյալ ու իրական աղոթքի մասին այսպես է ասել․ «Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս»։ Մեր չընդհատվող աղոթքը դարձնենք էլ ավելի իրական ու ամբողջական՝ մաքրելով մեր մտքերն ու սրտերը, քանի որ միայն մաքուր սրտերով է, որ ճանաչելու ենք Քրիստոսին, զգալու ենք Նրա ներկայությունը մեր կյանքից ներս։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս