1–ամյա դատական վեճն ավարտվեց «Հրապարակի» կարևոր հաղթանակով․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․ «2021 թվականի ամռան մի պայծառ օր մեզ ֆեյսբուքից զգուշացում եկավ, թե՝ կեղծ նյութ եք դրել, մտեք այսինչ հղումով, տեսեք ինչն է կեղծ, ձեր տեքստը փոխեք մեր ցուցումների համաձայն, վերջում ներողություն խնդրեք, թե չէ ձեզ համար վատ կլինի:

Լուրջ չընդունեցինք այս սպառնալիքները, մտածեցինք, եթե՝ խնդիր կա որեւէ նյութի հետ կապված, ֆեյսբուքյան ինչ որ կանոն ենք խախտել՝ հանենք տվյալ նյութը ֆեյսբուքից ու վերջ: Այսինքն՝ նյութը կմնա միայն կայքում, ֆեյսբուքյան էջում չի տեղադրվի։ Հետո երկրորդ զգուշացումը եկավ, այս անգամ հետաքրքրվեցինք, թե ինչն են խախտում համարել եւ մտանք իրենց նշած հղումով։

Պարզվեց՝ հայաստանյան «Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը»՝ մի անհայտ վրացական կայքի հետ համագործակցությամբ, ստանձնել է հայկական մամուլի դատավորի դերը եւ որոշել է հայտնաբերել «ֆեյք-նյուզը», մամուլի զրպարտություններն ու մանիպուլյացիաները, ինչպես իրենք են դա կոչում, որի «վճիռների» հիման վրա էլ ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակումներ է կիրառում։

Ստուգեցինք, թե որ նյութերն են մեդիայի դատավորները՝ Մեդիանախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ու media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը դիտարկել որպես մեր կողմից խախտում։

Պարզվեց՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» Ալիեւի փոխարեն է վրդովվել եւ գտել է, որ «Հրապարակի» գրածը Ալիևի ասածի մասին կեղծ է։ Մենք կարծեցինք, թե որեւէ ադրբեջանական լրատվամիջոց հերքում է տարածել՝ դրանից են օգտվել, շատ փնտրեցինք՝ նման բան չգտանք:

Ծիծաղեցինք այս կիսագրագետ եւ մամուլից անտեղյակ մարդկանց «փաստերի ստուգման» փորձերի վրա ու մոռացանք՝ անցնելով մեր գործին։ Սակայն, պարզվեց, մամուլի դատավորներին այս գործը շատ է դուր եկել, նաեւ նախընտրական թեժ փուլն է եւ հավանաբար իշխանություններին պետք չէ, որ իրեն քննադատեն լրատվամիջոցները ֆեյսբուքում մեծ դիտելիություն ունենան, ուստի շուտով երրորդ «վճիռը» ստացանք (նկատենք, որ «Մեդիա Նախաձեռնությունների» կենտրոնն իր բարբաջանքները հենց վճիռ է անվանում)։ Արդեն հունիսի 20-ն էր՝ ընտրությունների օրը:

Այդ օրը մեր ֆեյսբուքյան էջը դադարեց հասանելի լինել մեր 200 հազար հետևորդների համար։ Այստեղ արդեն անհանգստացանք, փորձեցինք կապ հաստատել ֆեյսբուքի հետ: Մեզ ասացին, որ ֆեյսբուքը փաստերի ստուգման գործընթաց է նախաձեռնել աշխարհով մեկ՝ ֆեյքնյուզի դեմն առնելու համար եւ մեր տարածաշրջանում դա իրականացնում է նշված վրացական կայքը՝ հայկական «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ։ Հուշեցին, որ միակ ճանապարհը «վճիռը» բողոքարկելն է:

Ամենազավեշտալին այն էր, որ 3-րդ վճիռը վերաբերում էր մի հարցազրույցի, որտեղ լրագրողը ոչ մի կարծիք չէր հայտնել, մեր զրուցակցի՝ հանրային հայտնի գործչի կարծիքն էր հնչել Սորոսի եւ նրա քաղաքականության մասին։

Հենց այդ նյութի համար էլ ստացանք այն կարմիր քարտը, որի պատճառով շուրջ մեկ տարի մեր կայքը ֆեյսբուքյան տարածքում դարձել էր անհասանելի:

Մենք փորձեցինք «Մեդիա Նախաձեռնությունների» կենտրոնի հետ կապ հաստատել, որտեղից մեր բողոքին պատասխանեցին՝ «Տեքստը փոխեք՝ մեր դիտողություններով վերանայեք հրապարակումը, ներողություն խնդրեք, կտեսնենք»: Սակայն երբ դու իրավացի ես, ինչո՞ւ պետք է շանտաժի եւ ճնշումների առաջ նահանջես։ Ի՞նչ տարբերություն՝ այդ ճնշումները վարչապետի աշխատակազմից են գալիս, թե՞ ինչ որ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնից»:

Երկար քննարկեցինք խմբագրությունում եւ որոշեցինք, որ նյութերը չենք փոխելու, ներողություն չենք խնդրելու։ Եթե որոշել են «ֆեյսբուքյան դատավորները» գրաքննություն կիրառել մեր նկատմամբ, ուրեմն առանց ֆեյսբուքյան դիտումների էլ կդիմանանք: Եվ սկսեցինք փաստաբան փնտրել, որ մեր հասցեին հնչած զրպարտության և նյութական ու ոչ նյութական վնասի փոխհատուցման հայցով մտնենք դատարան:

Ընթացքում պարզվեց, որ այս խայտառակ սխեման կիրառվել է բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ, եւ՝ խիստ ընտրովի։ Ասենք՝ շատ անսպասելի նույն նյութը վերահեռարձակելու համար մեկը ստանում էր այդ չարաբաստիկ վճիռը եւ պատժվում, մյուսը՝ ոչ: Սա նաեւ լավ լյուստրացիա էր, թե իշխանության կոկորդին որ լրատվամիջոցներն են մնացել, ում են ուզում վնասել ու սահմանափակել։

Ի դեպ, հեշտ չէր գտնել փաստաբանական ընկերություն, որը կհամաձայներ այս խառնիճաղանջ գործով ներկայացնել մեր շահերը դատարանում: Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակը, հանձին Իրմա Ճաղարյանի, հայցը գրեցին եւ հասցրեցին մուտքագրել 30-օրյա ժամկետում, ինչը, ցավոք սրտի, չհաջողվեց մեր մյուս գործընկերներին:

Եվ երեկ հրապարակվեց շուրջ մեկ տարի տեւած դատաքննության ավարտն ազդարարող վճիռը՝ «Հրապարակն» ընդդեմ «Մեդիա Նախաձեռնությունների» վեճում հաղթեց արդարությունը, հաղթեց խոսքի ազատությունը եւ լրագրողական բարեխղճությունը։

Առաջին ատյանի դատարանը հանգամանալից ու մանրակրկիտ վճիռ է գրել՝ 66 էջից կազմված, որտեղ անդրադարձել է այս խնդրի եւ մամուլի գործունեության բոլոր հնարավոր նրբերանգներին։

Հավանաբար դատավոր Ռուբեն Ներսիսյանը գիտակցել է, որ գործ ունի մեդիակազմակերպությունների հետ եւ այս վճիռը կարող է նախադեպային դառնալ, դա է պատճառը, որ նման բազմակողմանի ու գրագետ որոշում է կայացրել՝ բացահայտելով ազատ խոսքին եւ լրագրողական ազատությանն ուղղված բոլոր վտանգները, գնահատելով մամուլի եւ մասնավորապես՝ «Հրապարակի» գործունեությունը, նաեւ՝ սաստելով բոլոր նրանց, ովքեր թերագնահատում են, փորձում են արժեզրկել մեր աշխատանքը, վարկաբեկել լրագրողներին ու վնասել ԶԼՄ-ի գործարար համբավին:

Ահա ՀՀ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռի եզրափակիչ մասը․

1. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին պարտավորեցնել www.factcheck.ge կայքէջում տեղադրել զրպարտչական բնույթի հրապարակումները հերքող գրառում

2. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվոր «Հրապարակ Օրաթերթ»-ի պատվին, արժանապատվությանը` բարի համբավի պարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

3. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 44.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Այստեղ բոլորովին կարեւոր չէ նյութական փոխհատուցման չափը, որովհետեւ մեկ տարվա ընթացքում մեզ հասցված նյութական ու բարոյական վնասն անհամեմատ ավելին է, քան դատարանի վճռով է սահմանվել, սակայն ավելի կարեւոր է այն բարոյական հաղթանակը, որն արձանագրեց «Հրապարակը»։

Սա թերևս առաջին դեպքն է, երբ լրատվամիջոցը զրպարտության հոդվածով հաղթում է եւ ապացուցում է, որ ինքը բարեխիղճ է եղել, գործել է օրենքների ու էթիկայի նորմերի սահմաններում, իսկ անհասկանալի տեղից ուղղորդվող ինչ որ մարդիկ, որոնք ամբողջ կյանքում խոսում են խոսքի ազատության մասին եւ լրագրողների ազատությունն ապահովելու համար միլիոնանոց գրանտներ են ստանում, իրականում փորձել են սահմանափակել մեր լսարանը, վարկաբեկել մեզ։ Այսուհետ լրագրողական կազմակերպությունների անվան տակ հանդես եկող իշխանական տարբեր կցորդներ ինչ որ քայլ անելուց առաջ տասն անգամ կչափեն, նոր կանեն։

Անօրինական ճանապարհներով անկախ մամուլի դեմ պայքարողներին սա լավ դաս եղավ։ Վերջապես գիտակցեք՝ դուք անցողիկ եք, իսկ ազատ խոսքն ու մամուլը հավերժ»։

Տեսանյութեր

Լրահոս