Ո՞վ է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացած Երևան քաղաքի դատախազը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Ժողովրդական լեզվով ասած՝ Սևակ Հովհաննիսյանը գեներալի կոչում է ստացել:

Արթուր Դավթյանը հեռանալուց առաջ վերջին լավություններն է անում իր թիմին: Ըստ ամենայնի ներկայիս գլխավոր դատախազը լավ ղեկավար է եղել իր աշխատակիցների համար, ու նաև դրանով է պայմանավորված այն անհանգստությունը և անկումային տրամադրությունը, որը, 168.am-ի տեղեկություններով, կա Գլխավոր դատախազության աշխատակիցների մոտ:

Ուշագրավ է, որ Արթուր Դավթյանին հաջողվել է Սևակ Հովհաննիսյանի համար դասային առաջխաղացում ապահովել:

Իրականում Սևակ Հովհաննիսյանը շատերի կոկորդին է կանգնած, բայց մի ուշագրավ պատմություն, կապված նրա հետ, այնուամենայնիվ, հիշեցնենք: Ամեն դեպքում գոնե թե մերձիշխանական խոշոր գործարար, Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պետք է որ խիստ դեմ լիներ Երևան քաղաքի դատախազին դասային աստիճանակարգի վերին աստիճանին տեսնելուն:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021թ. հուլիսի 18-ին, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Դեպքի առնչությամբ աղմուկն այնքան մեծ էր, որ Քննչական կոմիտեն ստիպված եղավ հայտարարել, որ հրազեն կիրառողն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» ցուցակով պատգամավոր դարձած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը: Այնուամենայնիվ, հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվեց , ապա կալանավորվեց:

Եվ թեպետ, Ռոբերտ Սուքիասյանը մի օր անգամ քրեակատարողական հիմնարկում չի անցկացրել, որովհետև նախ անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական բուժհիմնարկ, ապա ամիսներ անց ազատ արձակվել, այս ձերբակալության պատմությունը խոստանում էր դառնալ այդ շրջանի սկանդալը, եթե միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը չկանխեր դա:

Դեռ մոտ մեկ տարի առաջ մենք գրել էինք, որ այն բանից հետո, երբ առկա փաստերի առկայության պարագայում դատախազության  ճնշման արդյունքում քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ՀՀ ՔԿ Կենտրոնի բաժնից գործի նյութերը փոխանցվում են ՀՀ ոստիկանություն, որպեսզի վերջինս ի կատար ածի ձերբակալման որոշումը, ինչի մասին հիշատակում կա նաև վերը բերված ՔԿ հաղորդագրության մեջ:

Այստեղ արդեն տեղի է ունենում ամենահետաքրքիրը: Ռոբերտ Սուքիասյանի գործը քննող քննիչը, մեր տեղեկություններով, գնում է ոստիկանության կենտրոնի բաժին՝ ասելով, որ ցանկանում է վերցնել որոշումը, որպեսզի ինչ-որ ուղղում կատարի, և երբ նրան են փոխանցում փաստաթուղթը, վերջինս անհետանում է:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության այն ժամանակվա պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան էր, իսկ ինքը՝ Ջհանգիրյանը՝ Խաչատուր Սուքիասյանի խնամին է:

Հաջորդիվ սկսվում են երկար ու բարակ բանակցություններ՝ ձերբակալման որոշումը վերադարձնելու հարցով, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում է ոստիկանությանը վերադարձնել այդ փաստաթուղթը, ավելին՝ ասում են, որ չկա նման որոշում և վերջ:

Խնդիրը հասնում է դատախազության վերին օղակներին, և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հարցը կտրուկ է դնում՝ կա՛մ փաստաթուղթը կվերադարձնեն, կա՛մ քննիչի այդ արարքն ու դրան հետևած գործողությունները կունենան քրեաիրավական հետևանքներ: Սրանից հետո միայն ձերբակալման որոշումը վերադարձվում է ոստիկանությանը, և Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվում է:

Տեսանյութեր

Լրահոս