Բաժիններ՝

Դեսպան Փոլադյանը հույս ունի, որ Հայաստանը մինչև տարեվերջ կկարողանա հարաբերություններ ստեղծել Սաուդյան Արաբիայի հետ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Արևելագիտության ինստիտուտի «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները. արդի միտումներ և հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ քննարկել Հայաստան-Ծոցի արաբական երկրներ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ տարածաշրջանը, որի մասին այսօր խոսելու են, բավականին հետաքրքիր և առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածաշրջան է Արևելքում, որտեղ բախվում են գերտերությունների շահերը:

«Այս տարածաշրջանում նավթը և կրոնական գործոնը իսկապես վերածվեցին քաղաքական գործոնի, և այդ առումով տարածաշրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Պետք է նշեմ, որ մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանի անկախությունից հետո մեզ հաջողվեց Արևելքի արաբական երկրների հետ սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը, և մինչև 2000-ական թվականը կարելի է ասել Ծոցի արաբական բոլոր երկրների հետ ունեցանք դիվանագիտական հարաբերություններ՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի, բայց հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջ մեզ կհաջողվի նաև այդ երկրի հետ ստեղծել նոր հարաբերություններ»,- ասաց Փոլադյանը:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d’affaires) դր. Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին ասաց, որ իրապես, հայկական համայնքները մեծ հեղինակություն են վայելում աշխարհի տարբեր ծայրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական համայնքը հատուկ տեղ ունի օտարազգի բազմաթիվ համայնքների շարքում։

«Գիտեմ որ հարգարժան մասնակիցներն անդրադառնալու են ԱՄԷ հայկական համայնքին, ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին։ Ես պատրաստել եմ ցուցադրություն ԱՄԷ-ում հանդուրժողականության և համակեցության վերաբերյալ։ ԱՄԷ-ն մեծ ուշադրություն է դարձնում հանդուրժողականությանն ու արժեքներին՝ ամրապնդելու համար իր դիրքերը որպես՝ հանդուրժողականության համաշխարհային կենտրոն, որը համապատասխան միջավայր է ստեղծում աշխարհի տարբեր մշակույթների համար, դառնում է հայրենիք բոլոր այն ժողովուրդների համար, ովքեր ներդաշնակության մեջ են ապրում և աշխատում իր հողի վրա»,- ասաց նա:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը իր խոսքը եզրափակեց՝ մեջբերելով ԱՄԷ լուսահոգի նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանի խոսքերը: «Հանդուրժողականությունը պարտականություն է… Եթե մեծերից մեծը՝ Արարիչը, Ամենաբարձրյալն ու Վեհը, ներում է, հանդուրժում է, ուրեմն մենք՝ մահկանացուներս, ինչպե՞ս չներենք ու չհանդուրժենք»։

 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ իր կարծիքով գիտաժողովի անցկացումը ևս մեկ վկայություն է, որ Հայաստանը արևելագիտական գերտերություն է:

«Չգիտեմ Հայաստանը երբ է դառնալու քաղաքական, տնտեսական և ռազմական գերտերություն, բայց այն, որ արևելագիտական գերտերություն է, ես դրանում կասկած չունեմ: Մեր գիտական ներուժը հենց այդ գերտերությունը կերտող ամենակարևոր հանգամանքն է: Ես կարծում եմ, որ այս քայլերը և ուսումնասիրությունները կարող են նպաստել ոչ միայն գիտական խնդիրների զարգացմանը, այլև ունեն գիտակիրառական և շատ կարևոր նշանակություն տարածաշրջանի համար»,- եզրափակեց նա:

Ռուբեն Մելքոնյանը կարևորեց նաև, որ այս կարևոր քննարկմանը վեր կհանվեն նաև այդ տարածաշրջանի հայ համայնքներում առկա մի շարք խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս