21 տարի Եվրոպայի սրտում

Հայաստանի եռագույնը Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց բարձրացվեց համաեվրոպական այդ կառույցին մեր երկրի անդամակցության փաստաթղթերի ստորագրաման հենց հաջորդ օրը՝ 2001 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի նախագահի ու հայկական պատվիրակության ներկայությամբ: Այժմ ԵԽ կենտրոնակայանի թանգարանում է Հայաստանի անդամակցության կապակցությամբ կազմակերպությանն ընծայված «Թամադա» բրոնզաձույլ քանդակը (2001թ., հեղինակ՝ Էդվարդ Շարիկյան): Հենց 2001-ի հունվարի 25-ին էլ մեր երկիրը դարձավ Եվրոպայի խորհրդի 42-րդ լիիրավ անդամը: Բայց հեշտ չի եղել Եվրոպայի սրտին հասնելու՝ Հայաստանի ճանապարհը: 1994թ. հոկտեմբերի 4-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատեց, որ Հայաստանն իր պատմությամբ, մշակույթով ու արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մաս է եւ 1996թ. հունվարի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը ԵԽԽՎ-ում հատուկ հրավիրյալի կարգավիճակ ստացավ: 1996թ. մարտի 7-ին ՀՀ-ն պաշտոնապես դիմեց կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հայցով: Եվ մեր երկրի համար կանաչ լույս վառվեց 5 տարի անց միայն:

Եվրոպայի խորհուրդը հիմնել են Եվրոպայի պիոներները. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ու արտաքին գործերի պետքարտուղար Էռնեստ Բեվինը, Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը, Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը, Բելգիայի վարչապետ Պոլ Հենրի Սպաակը եւ Իտալիայի վարչապետ Ալչիդե դե Գասպերին:

Նրանց անունները Եվրոպական պալատում այսօր բոլորը մեկ առ մեկ գիտեն: Գիտեն, որ համաշխարհային երկու պատերազմների բովով անցած հենց այս մարդկանց միջեւ են եղել համաեվրոպական կառույցի ստեղծման բանակցությունները: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա հիմնված խաղաղ Եվրոպա ստեղծելու նպատակով 73 տարի առաջ, 1949 թ.-ի մայիսի 5-ին, Լոնդոնում ստորագրված կանոնադրությամբ ձեվավորվեց Եվրոպայի խորհուրդը, եւ խորհրդանշորեն կառույցի նստավայրը դարձավ տեվական ժամանակ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջեւ վիճելի տարածք համարվող Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքը, որն այժմ էլ Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքն է համարվում:

Եվրոպական այս կենտրոնակայանում մշակվել ու համաեվրոպական սեփականություն են դարձել եվրոպական չափորոշիչներն ու նորմերը՝ 223 կոնվենցիա- արձանագրություններով. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական Խարտիան, Խոշտանգումների կանխարգելման, Թրաֆիքինգի դեմ պայքարի, Ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: 15 համաձայնագրերով են գործում Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը(Վենետիկի հանձնաժողով), Կոռուպցիայի դեմ պայքարի խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, համատեղ կինոարտադրության մասին Եվրիմաժ հիմնադրամը, ԵԽ Զարգացման բանկը եւ այլն: 46 երկիր ընդգրկող (ՌԴ լիազորություններն այժմ կասեցված են՝ Ուկրաինա-Ռուսաստան խնդրի պատճառով) համաեվրոպական այս ընտանիքի հիմնական փոխհամաձայնություններից է մայրցամաքում մահապատժի՝ որպես պատժամիջոց վերացումը, իրավունքների՝ կյանքի, անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, մտքի, խղճի , կրոնի, արտահայտվելու եւ այլնի պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Բազմաճյուղ Եվրոպայի խորհրդի Նախախարների կոմիտեն Խորհրդի որոշում կայացնող մարմինն է և կազմված է յուրաքանչյուր անդամ պետության արտաքին գործերի նախարարներից կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչներից։ Նախարարների կոմիտեն է որոշում Եվրոպայի խորհրդի քաղաքականությունը և հաստատում նրա բյուջեն ու գործունեության ծրագիրը։ Խորհրդարանական վեհաժողովը(ԵԽԽՎ) կազմված է 46 անդամ պետությունների խորհրդարանների 306 անդամներից։ Վեհաժողովն է ընտրում Գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին։ ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Եվրոպայի խորհրդի այն հատվածն է, որը պատասխանատու է անդամ պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության ամրապնդման համար։ Կոնգրեսի աշխատանքներին Հայաստանից մասնակցում են տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչները: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն դատական մարմին է, որը երաշխավորում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանումը: ՄԻԵԴ-ում աշխատում է Հայաստանից ընտրված դատավորը, իսկ ՀՀ կառավարության շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը:

Ավելի քան 20 տարի առաջ Հայաստանի օրհներգի հնչյուններով ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունն այստեղ իսկական տոնակատարություն է դարձել՝ տարբեր երկրներից Ստրասբուրգ եկած եվրոպահայերի մասնակցությամբ:

Ուշագրավ է, որ նույն օրը Հայաստանի հետ ԵԽ անդամ է դարձել նաեւ Ադրբեջանը, թեեւ այդ երկիրը զգալիորեն էր հետ մնում Հայաստանից՝ ժողովրդավարության չափորոշիչներով: Ի դեպ, նախատեսված է եղել Հայաստանի անդամակցությունը հաստատել 1 տարի ավելի շուտ՝ 2000 թ.-ին: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ավելի ուշ՝ 2013թ.-ին հրատարակված «Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)» գրքում պիտի գրեր. «Կազմակերպությունը որոշել էր հաշվի առնել ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ անպայմանորեն Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունել միաժամանակ», թերեւս հույս ունենալով, որ այդպիսով կխթանեն տարածաշրջանային համագործակցությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Արցախի հարցի կարգավորման համար: Հանրահայտ է, սակայն , որ հենց այդ օրերից սկսած Բաքուն ոչ թե ժողովրդավարացման հարցերն է խոշորացույցի տակ պահել, այլ երբեւէ առիթը բաց չի թողել օրակարգ բերել հակահայկական զեկույցներ ու բանաձեւեր: Նկատենք, որ եւ անդամակցության բանակցությունների ընթացքում, եւ անդամակցելիս ադրբեջանական պատվիրակության ղեկավարը այսօրվա նախագահ Իլհամ Ալիեւն է եղել: Իսկ անդամցությունից ընդամենը մեկ շաբաթ անց է ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը մտահոգություն հայտնել՝ Ադրբեջանում խոսքի ազատության իրավիճակի առնչությամբ: Հիմքում երկու մարզային հեռուստալիքներ՝ Mingechevir TV-ին ու DMR TV-ին փակվել էր: Վալտեր Շվիմերը Բաքվին հիշեցրել էր, որ ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, երկրի իշխանությունները պետք է երաշխավորեն խոսքի ազատությունը եւ բացառեն լրատվամիջոցների նկատմամբ վարչական լծակների կիրառումը:

Բաքուն երբեւէ չի դադարել եվրապատգամավորներին խավիար ու նավթադոլարներ մատակարարել՝ գործի դնելով առավելապես բրիտանական բանկերում իր ունեցած կապերն ու հնարավորությունները՝ պրոադրբեջանական բանաձեվեր կորզելու նպատակով: Բայց եվրոպական այս կենտրոնակայանում էլ, ինչպես ասում են, քնած չեն: Վերջին տարիներին , երբ ադրբեջանցիները վերջնականապես հատեցին կարմիր գծերը, կաշառքի շղթան հասցնելով ընդհուպ ԵԽԽՎ նախագահին ու նրա շրջապատին, սկանդալը պայթեց Վեհաժողովում: Նախագահ Ագրամունտին վռնդեցին, քվերակությամբ, ձայների մեծամասնությամբ: Կոռուպցիոն գործերը քննող Հակակռուպցիոն մարմին ստեղծեցին՝ անկախ փորձագետների եւ Եվրադատարանի նախկին դատավորների կազմով, որը տեւական ուսումնասիրությունից հետո հրապարակած ծավալուն, ավելի քան 200 էջանոց զեկույցում փաստեց՝ Ադրբեջանի պատվիրակները բազմիցս կաշառել են եվրոպացի տասնյակ պատգամավորների: Ու հենց այսօր էլ բազմաթիվ պատվիրակներ սեփական երկրներում իրավական գործընթացներով են անցնում, նախ՝ զրկվելով պատգամավորական մանդատներից: Հանրահայտ է, որ մոտ 3 մլն եվրո գրպանած, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի երբեմնի ղեկավար իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության հարուցած քրեկան գործի քննությունից հետո դատապարտեցին 4 տարվա ազատազրկման:

Անձեռնմխելիությունից զրկվել ու պատասխանատվության առջեւ են կանգնել Բունդեսթագի պատգամավորներ Կարին Շտրենցը(Բաքվի լոբբինգի համար մոտ 22 հազ. եվրո վերցնելու համար), Էդուարդ Լինթները (2008-2016 թթ ընթացքում նույն նպատակով Ադրբեջանից 4 մլն եվրո ստանալու համար):

Ադրբեջանական լոբբիի հետ ունեցած կապը պարզելու համար Բունդեսթագը, Մյունխենի դատախազության դիմումի հիման վրա անձեռնմխելիությունից զրկել է նաեւ Աքսել ֆիշերին: Նա, ի դեպ 2015թ.-ին Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել: Մեղադրվում է 8 տարի շարունակ Բալթյան երկրների հաշվեհամարներով բրիտանական ֆիրմաների միջոցով Ադրբեջանից գումարներ ստանալու համար:

Սա, իհարկե նրանց ամբողջական ցուցակը չէ, 15 այսպիսի պատգամավորներ իրավունք չունեն ոտք դնել Եվրոպական պալատ, ԵԽ-ն նրանց նկատմամբ Ստրասբուրգում ԵԽ շենքի մուտքի արգելք է սահմանել: Ահա թե ինչպես է աշխատում Բաքուն ժողովրդավարության տունը համարվող Եվրախորհրդի հետ:

 

Հայաստանը նախագահել է ԵԽ նախարարների կոմիտեն 2013թ.-ի մայիս-նոյեմբեր ամիսներին: Այդ ընթացքում մեր երկիրը հսկայական աշխատանք է կատարել միջազգային, տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ՝ խտրականության, օտարատյացության, ատելություն սերմանող խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի համատեքստում։ Եվ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի ղեկավարության, ԵԽ անդամ երկրների բարձր գնահատականին է արժանացել։ Ահա նախագահության այս վեցամսյա շրջանում էր, որ ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճը զարդարեց կազմակերպությանն ընծայված «Միասնության ուժը» ապակե պատկեր-վիտրաժը (հեղինակ՝ Արև Պետրոսյան), որը միասնություն, ուժ, ճշմարտություն եւ հավատ է խորհրդանշում:

Իսկ ԵԽ կենտրոնակայանի դիմաց հայկական միջնադարյան խաչքար է կանգնած (վերարտադրող հեղ. Արտակ Համբարձումյան, 2018թ.), որը Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի առթիվ է նվիրել Եվրոպայի խորհրդին:

Սիրանույշ Մուրադյան

Ստրասբուրգ

Տեսանյութեր

Լրահոս