Անմեղ թվացող անճշտություններ, որոնք երբեմն հնչեցվում են կառավարության նիստում
Կառավարության օրերս կայացած նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում աշխատատեղերի ու աշխատավարձերի հերթական «պատմական» ու «բացարձակ» ռեկորդների մասին։ Թե ռեկորդները որքանո՞վ են ռեկորդ, մի կողմ թողնենք։ Բայց, երբ մի փոքր խորանում ենք հայտարարված ցուցանիշների մեջ, տեսնում ենք, որ գործ ունենք մի իսկական շիլաշփոթի հետ։
Թե ո՞վ է եփում այդ շիլան ու հրամցնում Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ՝ հասարակությանը, դժվար է ասել։ Սա առաջին նման դեպքը չէ, երբ հայտարարվում են ցուցանիշները, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում իրար հետ։
Հիմա՝ ըստ էության։
Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ մայիսի ընթացքում նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի առումով։ Մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ։
«Մենք հաշվարկում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ։ 2021թ. մայիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով»,- ձեռքի տակ եղած տեղեկանքը կառավարության նիստում ընթերցում էր Նիկոլ Փաշինյանը։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը չնշեց, թե Հայաստանում քանի աշխատատեղ է եղել 2021թ. մայիսին, մի փոքր հետհաշվարկ կատարենք։ Դրա համար պետք է ընդամենն այս տարվա մայիսի 673 հազար 224 աշխատատեղից հանել այն ավելացած 38 հազար 273 աշխատատեղը, որը առաջացել է վերջին մեկ տարվա ընթացքում։
Կստացվի, որ 2021թ. մայիսին Հայաստանում եղել է 634 հազար 951 աշխատատեղ։
Այս թիվը կարևոր է հասկանալու համար, թե անցած մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվել աշխատավարձի ֆոնդն ու միջին աշխատավարձի չափը, որի մասին կառավարության նիստում խոսում էր Նիկոլ Փաշինյանը։
«Հաջորդ կարևոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է, աշխատավարձի ֆոնդն է։ Այսինքն՝ բոլոր աշխատողներին վճարված ընդհանուր աշխատավարձը։
Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018թ. համեմատ ավել է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։
Դատելով նրանից, որ այս տարվա մայիսին աշխատավարձի ֆոնդը եղել է 160 մլրդ 56 մլն դրամ և անցած տարվա համեմատ ավելացել է 4 մլրդ 531 մլն դրամով, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, կնշանակի, որ 2021թ. մայիսին աշխատավարձի ֆոնդը Հայաստանում կազմել է 155 մլրդ 525 մլն դրամ։
Այսինքն՝ 2022թ. մայիսին եղել է 673 հազար 224 աշխատատեղ՝ 160 մլրդ 56 մլն դրամ աշխատավարձային ֆոնդով, 2021թ. եղել է 634 հազար 951 աշխատատեղ՝ 155 մլրդ 525 մլն դրամ աշխատավարձային ֆոնդով։ Որպեսզի իմանանք, թե անցած և այս տարի ինչքան է եղել միջին աշխատավարձը, ընդամենը պետք է մաթեմատիկական մի գործողություն կատարել՝ աշխատավարձի ֆոնդը բաժանել աշխատողների թվի վրա։
Այդ գործողությունը կատարելուց հետո կստանանք, որ 2022թ. մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 237 հազար 745 դրամ։
Հիմա գտնենք անցած տարվա միջին աշխատավարձը։ Դրա համար պետք է աշխատավարձի ֆոնդը՝ 155 մլրդ 525 մլն դրամը, բաժանել աշխատողների թվին՝ 634 հազար 951։
Կստացվի, որ անցած տարվա մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 244 հազար 940 դրամ՝ 7 հազար 195 դրամով ավել, քան այս տարվա մայիսին։
Բայց ի՞նչ հայտարարեց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը միջին աշխատավարձի մասին՝ «Միջին ամսական աշխատավարձը 2022թ. մայիսին կազմել է 237 հազար 745 դրամ, որը 2021թ. մայիսի նկատմամբ ավել է 25 հազար 592 դրամով կամ 12 տոկոսով»։
Եթե սա ճիշտ է, ապա անցած տարվա մայիսին միջին աշխատավարձը Հայաստանում պիտի կազմած լիներ 212 հազար 153 դրամ։ Բայց դա ոչ մի կերպ չի տեղավորվում աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշի մեջ, որով ստացվում է, որ անցած տարվա մայիսին միջին աշխատավարձը եղել է 244 հազար 940 դրամ։
Այստեղ ինչ-որ բան հաստատ այնպես չէ։ Հրապարակված ցուցանիշներից մեկն ու մեկը սխալ է։ Բայց դրանց կառավարության նիստում ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, ու ստացվում է, որ կառավարության ղեկավարը նույն բանի մասով իրարից տրամագծորեն տարբեր թվեր է հնչեցնում՝ հավանաբար չիմանալով նաև, որ դրանք հակասում են իրար։
Խնդիրն այն է, որ այդ ցուցանիշները պաշտոնական վիճակագրության մեջ այնպես չեն երևում, ինչպես ներկայացվում է կառավարության նիստերի ժամանակ։ Բացի այդ՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի վերաբերյալ ամսական տվյալները սովորաբար պաշտոնական վիճակագրությունն ավելի ուշ է հրապարակում, քան հրապարակում են կառավարության ղեկավարն ու կառավարության որոշ անդամներ։
Կառավարության նիստում հնչեցնելուց առաջ էլ այդ մասին շտապել էր հայտնել էկոնոմիկայի նախարարը։
«2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը։
Մայիս 2022 – 673,224։
Աճը 2022 ապրիլի համեմատ` 8,488 կամ 1,28 տոկոսով։
Աճը 2021 մայիսի համեմատ` 38,273 կամ 6,03 տոկոսով»,- գրել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշների անհամապատասխանությունները միայն նշվածով չեն ավարտվում։
«Եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիսի ամսին կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021թ թվականի մայիսի նկատմամբ ավել է 3 մլրդ 811 մլն դրամով, իսկ 2018թ. մայիսի նկատմամբ ավել է 8 մլրդ 578 մլն դրամով»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։
Բացում ենք ՊԵԿ պաշտոնական կայքը, որտեղ «ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտներ» աղյուսակում արձանագրված է, որ այս տարվա մայիսին եկամտային հարկի մուտքերը կազմել են 38 մլրդ 401 մլն դրամ և ոչ թե 32 մլրդ 741 մլն դրամ, ինչպես կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ահա այսպիսի, առաջին հայացքից, անմեղ թվացող անճշտություններ, որոնք երբեմն-երբեմն հնչեցվում են կառավարության նիստում ու նաև նիստերից դուրս։ Ինչքա՞ն կարելի է այսպիսի անպատասխանատու ու անլուրջ վերաբերմունք դրսևորել պաշտոնապես արվող հայտարարությունների նկատմամբ։ Ի վերջո՝ ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է սրա համար, թե՞ ամեն անգամ ասվելու է ու անցնի-գնա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ