Ցնդաբանություն և զավեշտ. Ինչպե՞ս են արձագանքում Խաչատուր Սուքիասյանի կողմից նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին լուրերին

Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է նոր այլընտրանքային քաղաքական ուժ ստեղծել։

Ըստ լուրերի, նա նոր քաղաքական ուժը ստեղծելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նշված բոլոր անձինք միմյանց հետ ունեն խնամիական կապեր։

Շրջանառվող լուրերի համաձայն,  Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել, այդ պատճառով էլ այս պահին նա քննարկումներ է սկսել ՔՊ-ական այն պատգամավորների հետո, որոնց հետ խորհրդարանում և խորհրդարանից դուրս ունի մտերմիկ հարաբերություններ։ Նույն աղբյուրի համաձայն՝ այդ ուժի վարչապետի թեկնածուն  «Հայրենիք» կուսակցության ղեկավար և «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն է։

168.am«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանից հետաքրքրվեց՝ Արթուր Վանեցյանի հետ նման որևէ քննարկում եղե՞լ է։

Հարցին ի պատասխան՝ Սոս Հակոբյանը մասնավորապես ասաց. «Մեր կուսակցության և Արթուր Վանեցյանի գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի ես պատրաստ եմ պատասխանել, բայց այն, ինչ ասացիք՝ զավեշտ է, ես զավեշտները չեմ մեկնաբանում»։

168.amի հետ զրույցում էլ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ շրջանառվող լուրերը հակիրճ մեկնաբանեց. «Այդ լուրերը ցնդաբանություն են»։

Տեսանյութեր

Լրահոս