Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվի կողմից Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու մասին Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը՝ հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:
Ինչպես նշել են այդ երկրի ԱԳՆ-ում, Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։
«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք՝… տարածքների «ազատագրումից» հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողն Ադրբեջանն էր:
Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի (խաղաղության) պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։
Ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այլև հայտարարվածը իրականացնում է իր գործողություններով և կոնկրետ քայլերով…
Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը…
Հայաստանի վարչապետը, առանց կոնկրետ փաստերի անդրադառնալու, հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առնվազն մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը։ Եթե սկսեք թվարկել հետկոնֆլիկտային փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով խախտված, ինչպես նաև դրանց մեկնարկից 1-2 ժամ առաջ հայկական կողմի սադրանքների պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար կլինի։
Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն, այլ ոչ թե «ժամանակ վատնի» այն ձևաչափի վերակենդանացման վրա, որի «արդյունավետությունը միշտ ցածր է եղել» (չակերտները` Tert.am), և որի անդամներն այժմ «բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը» (չակերտները` Tert.am)», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։