«Մենք կողմնակից ենք տրանսպորտի, հաղորդակցության բոլոր միջոցների բացմանը, բայց առանց որևէ սուվերենության տրամաբանության». իշխանական պատգամավորը՝ Զանգեզուրի միջանցքի մասին
Բաքվի պատվիրակները եվրոպական Վեհաժողովի բարձր հարթակը մշտապես լավագույնս են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար, առանց կաշկանդվելու, թե ինչ հարց է քննարկվում, և իրենց ելույթներն ու հայտարարությունները որքան են առնչվում օրակարգային քննարկվող հարցին:
Նստաշրջանի ավարտին Քովիդ19-ին, պատվաստումներին ու պատվաստանյութերին վերաբերող քննարկման ընթացքում Բաքվի պատվիրակների ելույթների առանցքում Զանգեզուրի միջանցի հարցն էր: Նիգար Արփադարայը հայտարարեց.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության կետերից մեկը Հայաստանի պարտավորությունն է՝ անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և ադրբեջանական էքսկլավ Նախիջևանի միջև՝ մարդկանց, ապրանքների և տրանսպորտի համար: Արևմտյան Զանգեզուրի շրջանով անցնող այս միջանցքը կապող պատմական ճանապարհ է, որը միավորում է արևմտյան ադրբեջանական հողերը»:
Արփադարայը հայտարարեց նաև, թե Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր է ոչ միայն մարդասիրական առումով, այլև այն միջազգային կարևոր ռազմավարական տրանսպորտային երթուղի է։ Բաքվի պատվիրակը համոզում էր եվրոպացիներին, թե այդ միջանցքը «կմիացնի տնտեսությունները` Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստան, հարավ-արևելյան Եվրոպա և նույնիսկ Մերձավոր Արևելք»:
Արփադարայը շեշտեց, որ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին պարտավորվել է բացել այս միջանցքը, «սակայն ավելի քան մեկուկես տարի խուսափում է դա իրականացնել՝ բոլոր հնարավոր պատրվակներն օգտագործելով և ժամանակ շահելով»:
Նա հարցրեց. «Ե՞րբ է Հայաստանը պատրաստվում կատարել այդ պահանջը: Ի՞նչ է նախատեսում անել Եվրոպայի խորհուրդը դրա համար։ Որքա՞ն պետք է սպասենք»:
Տիկին Նիգարը հունից դուրս եկավ ու այս ելույթն ունեցավ Էդուարդ Աղաջանյանի ելույթից հետո, երբ հայ պատվիրակը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին Վեհաժողովը բանաձև է ընդունել, որով և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավորություն ունեն առանց հապաղման հայրենադարձել բոլոր ռազմագերիներին: Աղաջանյանը հիշեցրեց, որ այդ փաստաթղթով Վեհաժողովը «կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և վերադարձնել Հայաստան՝ առանց հետագա ուշացման»:
Հայ պատվիրակը հիշեցրեց, որ հայկական կողմը 100 տոկոսով կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը այս բանաձևի ընդունումից գրեթե մեկ տարի անց էլ դեռևս պատանդ է պահում առնվազն 38 ռազմագերիների՝ Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում քաղաքական ինչ-որ առավելություն ստանալու նպատակով։
Ադրբեջանցի պատվիրակ Արփադարայը, շրջանցելով գերիների վերադարձի խնդիրն ու իր ելույթի կենտրոնում պահելով Զանգեզուրի միջանցքի հարցը, պնդում էր՝ տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կհասնեն միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը կատարեն իրենց միջազգային պարտավորությունները:
«Ասում են՝ պաշտպանության լավագույն միջոցը ինչ-որ մեկի վրա հարձակվելն է»,- Արփադարայի ելույթից հետո հայտարարեց Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ավելացնելով՝ ադրբեջանցի մեր գործընկերները հիմա փորձում են հարձակվել մեզ վրա: Դիմելով Արփադարային, Վարդանյանն ասաց՝ մենք եղել ենք, կանք և բաց ենք լինելու մեր տարածաշրջանում ցանկացած հաղորդակցության և տրանսպորտի բացման համար։ Հայ պատվիրակը հորդորեց չաղճատել միջազգային իրավունքը, ընտրելով այդ իրավունքի՝ սեփական քիմքին հարմար հատվածները, պարզաբանելով, որ Արփադարայը բացեիբաց ասաց, թե «մեզ բաց հաղորդակցություն պետք չէ, մենք ցանկանում ենք Ադրբեջանից Նախիջևան միջանցք ունենալ, քանի որ պատմականորեն այն մերն է»։
Հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Վարդանյանն ասաց՝ սա նշանակում է. «Մենք սա պահանջում ենք։ Եթե դուք մեզ սա չտաք, մենք այն կնվաճենք։ Սա ուղիղ հղում է ագրեսիային։ Սա վերահաս սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը։ Բոլորս լռում ենք, ոչ ոք չի ցանկանում արձագանքել,- և ավելացրեց, թե ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել,- Մենք կողմնակից ենք տրանսպորտի, հաղորդակցության բոլոր միջոցների բացմանը, բայց առանց որևէ սուվերենության տրամաբանության, որովհետև դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը»։
Հիշեցնելով, որ ադրբեջանական բանտերում 38 հայ ռազմագերի ու պատանդ պահվողներ ունենք, Վարդանյանը Արփադարային հարցրեց՝ քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանն ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն՝ ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև Ժնևի կոնվենցիայի համաձայն:
Կրքերը թեժացան Վեհաժողովում:
Արփադարայը կրկին ձայն խնդրեց: Վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը սաստեց նրան՝ հիշեցնելով կանոնակարգը:
Արփադարայը, այնուամենայնիվ, խոսեց, նա համառորեն Զանգեզուրի միջանցքի հարցն էր առաջ մղում.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության 9-րդ կետը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Ինձ հիմա մեղադրում են, ինչ-որ… չգիտեմ, պնդումներ անելու համար: Սա (ագրեսիվորեն կարդալով գրկած համակարգչից ու այն կտրուկ փակելով,- հեղ.) վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, հետևաբար մինչև ինչ-որ բան ասելը, կարդացեք սա, հետո ասեք»,- հայտարարեց նա:
Այստեղ գործընկերուհուն օգնության հասավ ադրբեջանցի Էրկին Գադիրլին:
Բաքվի պատվիրակության ներկայացուցիչը, ելույթ ունենալով ձեռքերը գրպանում, ինքնավստահության ցուցադրությամբ, պաշտպանեց տիկին Նիգարի հայտարարությունները՝ դարձյալ շեշտելով հարցերը համատեղ քննակելու անհրաժեշտությունը. «Սիրելի հայեր, եկեք ուղղակի նստենք ընկերական միջավայրում և խոսենք առանց միջնորդների»:
Նույնն էր նաև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի պնդումը:
Նա վերստին հայտարարեց, թե հայկական պատվիրակությանն առաջարկել է նստել, միասին քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը, բայց համաձայնություն դեռ չի ստացել: «Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև նրանք աշխատում են ոչ թե այս Վեհաժողովի համար, այլ՝ իրենց ներքին օրակարգի: Նրանք փորձում են իրենց որպես հերոսներ ներկայացնել»,- ասաց Սեիդովը, ավելացնելով՝ բավակա՛ն է, դուք կորցրել եք ամեն ինչ՝ ձեր այս վարքագծի պատճառով:
Ադրբեջանցին հայտարարեց. «Մենք հայերին լիարժեք մուտքի հնարավորություն ենք տվել Ղարաբաղ, թույլ ենք տվել, որ ռուս խաղաղապահները գան մեր երկիր: Հնարավորություն տվեցինք նաև սնունդ, ապրանք, ամեն ինչ հասցնել Ղարաբաղ, բայց դեռ սպասում ենք Զանգեզուրի միջանցքը բացելու հնարավորությանը։ Դա այնքան էլ արդար չէ՝ գալ մեզ մոտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը գնա Նախիջևան»: Սեիդովը դիմեց ԵԽԽՎ ղեկավարությանը, դարձյալ նույն առաջարկով՝ միասին նստենք ու քննարկենք մեր հարաբերությունները:
Այստեղ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը պատասխանեց, թե. «Շենքի սուրճը լավ որակ ունի, այնպես որ, եթե պահ կա, որ մարդիկ ցանկանում են ինձ հետ սուրճ խմել, նրանք ավելի քան ողջունելի կլինեն: Ես նախագահական կրեդիտ քարտ ունեմ, սուրճի համար կվճարեմ, եկողները ողջունվում են»։
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ