Բաժիններ՝

Դասարանում աշակերտների թվի նվազեցումը գին ունի

Տարիներ շարունակ Հայաստանի ուսուցիչները խոսում էին դասարաններում աշակերտների առավելագույն թույլատրելի թիվը նվազեցնելու մասին։ Ներկայումս Հայաստանի դպրոցներում աշակերտների առավելագույն թիվը մեկ դասարանում կարող է լինել 30-35։ Նոր նախագծով առաջարկվում է այդ թիվը դարձնել 20-25։

Նախարարության այս նախաձեռնությունը ոգևորել է ուսուցիչներին, ինչը մասնագիտական տեսանկյունից միանգամայն հասկանալի է։ Ցանկացած ուսուցչի համար ավելի արդյունավետ է աշխատել փոքր դասարանում։ Բայց ինչպես կրթության շատ հարցեր, այս հարցը ևս ունի մի քանի շերտեր։ Ընդունելով փոփոխության դրական բնույթը, փորձենք հարցը քննարկել համակարգային տեսանկյունից։

Մասնագետների շրջանում կան տարաձայնություններ՝ դասարաններում աշակերտների առավելագույն թվի հետ կապված։ Հիմնական խնդիրն այն է, որ դասարաններում աշակերտների թվի նվազեցումը համարվում է թանկարժեք փոփոխություն։
Եկեք պատկերացնենք, որ ունենք 315 աշակերտ ունեցող դպրոց, որում գործում է 9 դասարան, և աշակերտների թիվը, ըստ դասարանների՝ հավասարաչափ բաշխված է, քանի որ աշակերտների առավելագույն թույլատրելի թիվը 35-ն է։ Աշակերտների առավելագույն թիվը 25 դարձնելու դեպքում, այս դպրոցի 9 դասարանների թիվը պետք է կրկնապատկվի և դառնա 18։ Սա նշանակում է, որ դպրոցին անհրաժեշտ են լինելու մեծ թվով նոր ուսուցիչներ, իսկ դասասենյակների թիվը պետք է կրկնապատկվի։ Այսինքն՝ պետությունը պետք է կտրուկ ավելացնի դպրոցի ֆինանսավորումը, բայց դրանից ուսուցչի աշխատավարձը չի բարձրանալու։

Հիշեցնեմ, թե ինչու մոտ 20 տարի առաջ Հայաստանն անցավ մինչև 35 աշակերտի սահմանաչափին։ Բանն այն է, որ այդ ժամանակ Հայաստանի ուսուցիչների աշխատավարձը 6-7 հազար դրամ էր։ Միջազգային փորձագետները խորհուրդ տվեցին մեծացնել դասարանում աշակերտների թիվը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Ի դեպ, ժամանակին նման խնդիր քննարկվել է նաև Հարավային Կորեայում։ Կար հետևյալ երկընտրանքը՝ ուսուցիչներն աշխատեն 25, թե՞ 50 հոգանոց դասարաններում։ Առաջին դեպքում աշխատելն ավելի հեշտ է լինելու, բայց աշխատավարձը ցածր է լինելու, և ուսուցիչների ավելի մեծ թիվ է անհրաժեշտ լինելու, ինչը բացասաբար է ազդելու կրթության որակի վրա, քանի բարձրակարգ ուսուցիչներ գտնելը հեշտ բան չէ։ 50 հոգանոց դասարանում աշխատելը դժվար է լինելու, բայց այս դեպքում ունենալու ենք ավելի քիչ, ավելի որակյալ ու բարձր վարձատրվող ուսուցիչներ։ Այսպես մտածեցին կորեացիները և մեծացրեցին դասարանում աշակերտների թիվը։

ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխությունը խնդիրներ է ստեղծելու դպրոցի համար։ Եթե այսօր փոքր դպրոցին անհրաժեշտ է Մաթեմատիկայի 2 ուսուցիչ, ապա փոփոխությունից հետո, հնարավոր է՝ դպրոցին անհրաժեշտ լինի ևս 2 ուսուցիչ։ Որտեղի՞ց են դպրոցները գտնելու այդ ուսուցիչներին։ Եթե գտան, ի՞նչ երաշխիք, որ նրանք որակյալ են լինելու։ Եվ այստեղ փոքր դասարանների ընդդիմախոսները ծնողներին ուղղում են հետևյալ հարցը։ Կուզենայիք ձեր երեխան սովորեր 35 հոգանոց դասարանո՞ւմ, որտեղ աշխատում է որակյալ ուսուցիչ, թե՞ 25 հոգանոց դասարանում, որտեղ աշխատում է ավելի ցածրակարգ ուսուցիչ։ Ես սովորել եմ Գյումրու թիվ 20 դպրոցում, որտեղ դասարանում կար 42 աշակերտ։ Հարևանությամբ կային դպրոցներ, որտեղ դասարանում սովորում էր 20-25 աշակերտ։ Բայց շատ ծնողներ ցանկանում էին, որ իրենց երեխան սովորի մեծ դասարան ունեցող դպրոցում, որտեղ ուսուցիչների որակն ավելի բարձր էր։

Եթե դասարանում աշակերտների թիվը լիներ վճռորոշ գործոն, ապա Հայաստանի այն դպրոցները, որոնցում մեկ դասարանում աշակերտների թիվը 20-ից պակաս է, պետք է վունդերկինդներ թողարկեին։ Բայց չկա ապացույց, որ փոքր դպրոցներում կրթության որակը շատ ավելի բարձր է, քան մեծ դպրոցներում։ Հետևաբար, մասնագետների մի մասն ասում է, որ փոքր դասարաններ ունենալը շատ թանկարժեք բարեփոխում է, որը կարող է ցանկալի արդյունքը չտալ։

Մասնագետների մյուս մասն էլ ունի հետազոտական ապացույցներ, որ հատկապես կրտսեր դասարաններում աշակերտների փոքր թիվը դրական է ազդում կրթության որակի վրա։ Բայց սա հնարավոր է, եթե պետությունն ունի որակյալ ուսուցիչների մեծ բանակ։ Ես վստահ եմ, որ ծնողների մեծ մասը ցանկանալու է, որ իր երեխան սովորի մեծ դասարանում, որում կա որակյալ ուսուցիչ, քան փոքր դասարանում, որում ուսուցիչը որակյալ չէ։ Իհարկե, իդեալական տարբերակն այն է, որ փոքր դասարանում աշխատի որակյալ ուսուցիչ, բայց դա ապահովելը ցածր աշխատավարձի պայմաններում գրեթե անհնարին է դառնում։

Այս փոփոխության մեջ ևս մեկ կարևոր գործոն կա, որը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել։ Դասարանների թվի ավելացման պարագայում շատ դպրոցներ շենքային խնդիրներ են ունենալու, որոնց լուծումը պահանջելու է ահռելի ֆինանսական ներդրումներ կամ անհարմարություններ։ Եկեք պատկերացնենք, որ դպրոցը ներկայումս ունի 18 դասասենյակ։ Այս փոփոխության դեպքում դպրոցին անհրաժեշտ դասասենյակների թիվը կարող է դառնալ 25։ Ինչպե՞ս է դպրոցն ապահովելու 7 նոր դասասենյակ։ Ուրեմն կամ դրանք պետք է վերանորոգվեն, կամ պետք է նոր մասնաշենք կառուցվի, ինչն ահռելի ծախս է։ Կա, իհարկե, էժան, բայց շատ անհարմար լուծում։ Դպրոցն անցնելու է երկհերթ ուսուցման՝ անհարմարություններ ստեղծելով երեխաների, ծնողների և ուսուցիչների համար։

Լավ կլինի, որ կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները բազմակողմանիորեն դիտարկվեն։ Մեզ մոտ ամեն ինչ դիտարկվում է սև կամ սպիտակ, լավ կամ վատ տրամաբանությամբ։ Բայց կրթության համակարգն այդպես չի գործում։ Դասարանում աշակերտների թվի նվազեցումը գին ունի։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մեզ ավելի շատ ուսուցիչներ են անհրաժեշտ լինելու, ավելի շատ դասասենյակներ և շատ փող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս