
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքերը հնարավորինս քիչ կլինեն

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքերը հնարավորինս քիչ կլինեն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:
Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ:
«Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», – ասել է Զախարովան: