Ի՞նչ տեղի կունենա հունիսի 23-ին ԲԴԽ-ում
Երեկ, երբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի հետ համատեղ ասուլիսով հանդես եկավ, որի ժամանակ սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, Արամ Օրբելյանը հույս հայտնեց, որ թեպետ Վարդազարյանի լիազորությունների դադարեցման հարցով ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, բայց միգուցե, հաշվի առնելով, որ վարույթի ընթացքում թույլ են տրվել խախտումներ, վարույթի քննությունը կվերսկսվի:
Օրվա ավարտին արդեն հայտնի դարձավ, որ Խորհուրդն արդեն քվեարկել է, և միայն Անի Մխիթարյանի և Ստեփան Միքայելյանի դեմ ձայներով դադարեցվել են Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավոր, լիազորությունները:
Թվում է, թե ԲԴԽ-ն հանգիստ դադարեցրել է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Սակայն կա մի նրբություն, որն առաջին հայացքից տեսանելի չէ: ԲԴԽ ևս երկու անդամ՝ Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, դեմ են եղել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի տեսակին: Այո, համարել են, որ կա խախտում, բայց դեմ են եղել սանկցիայի ընտրությանը: Այսինքն՝ ըստ էության Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են միայն իրավաբան-գիտնականների 5 ձայնով, 5-ը 4-ի դեմ:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով, Խորհուրդը քվեարկել է ոչ թե երեկ, ինչպես մամուլն էր գրում, այլ ավելի վաղ՝ հենց կարգապահական վարույթի նիստի օրը:
Երեկ հրապարակված ձայնագրությունը, սակայն, որում ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ գործող նախագահին հորդորում էր հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ այդպես է որոշված, ու դրա դիմաց որոշակի երաշխիքներ էր տալիս Ռուբեն Վարդազարյանին, ըստ էության հունիսի 23-ին նիստի ընթացքի մեջ փոփոխություններ կարող է մտցնել:
Ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող որոշումն ընթերցել: Մեծ է հավանականությունը, որ ինքնաբացարկ կհայտնի նոր երևան եկած հանգամանքի հիմքով: Ի վերջո, չմոռանանք, որ ԲԴԽ-ն գործում է որպես դատարան:
Թե ինչ կլինի դրանից հետո՝ դժվար է կռահել։ Ամեն ինչ կախված է քաղաքական իշխանության կամքից, և եթե վարույթը վերսկսվի, կարող ենք խոսել նոր իրողությունների մասին: Դա կնշանակի, որ Գագիկ Ջհանգիրյանը երկար չի պաշտոնավարի, թերևս, մինչև սեպտեմբեր:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ջհանգիրյանն ամիսներ առաջ է տեղեկացել ձայնագրության գոյության մասին, և նրան այդ մասին ակնարկել է հենց Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս, սակայն, վստահ է եղել, որ Վարդազարյանն այդ ձայնագրությունը չի հրապարակի:
Իսկ թե ինչու Ռուբեն Վարդազարյանը, այնուամենայնիվ, հրապարակեց ձայնագրությունը, այլ թեմա է: