Հանձնել հայրենիքը, հետո ունենալ հանրային համերաշխությո՞ւն. ինչպե՞ս է դա հնարավոր. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահեցնում է՝ Արցախում ապրող ցանկացած հայ, ապրելով չորս կողմից շղթայված, միևնույն է՝ ունի սրբազան ուխտ՝ ոչ մի քայլ չի՛ զիջելու Արցախի ինքնորոշման իրավունքից. այդ ուխտն անսասան է, թեև Արցախում ապրողներն անորոշության մեջ են՝ Հայաստանից եկող տրամադրությունների պատճառով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների խնդիրների մասին, Բագրատ Սրբազանը հատուկ ընդգծեց նաև՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի դեպքում ունենք մեր պետություններին սպառնացող լրջագույն վտանգներ, ուստի, պետք է պատրաստ լինենք դրան դիմագրավելու և ոչ թե կեղծ խաղաղության, որովհետև աներկբա է՝ այլևս որևէ զիջում մեր հայրենիքից չպետք է թույլ տանք։

«Այդ խաղաղության դարաշրջան կոչվածը կեղծ է. ծնկածի համար չկա խաղաղություն, խաղաղությունը թշնամուն պետք է պարտադրանքով լինի։ Իհա՛րկե, հիմա խոստովանում են, որ հնարավոր է՝ չլինի խաղաղություն, բայց ուշացած խոստովանություն է դա, որովհետև այս ողջ ընթացքում մեր թշնամու կողմից մեր նկատմամբ ականատես ենք եղել միայն ծաղրանքի, հետևապես՝ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ, միևնույն ժամանակ, մենք պետք է դա գիտակցելով՝ կարողանանք հաղթահարել մեր այս բարդ վիճակն ու վերազարթոնքով դուրս գանք այս վիճակից»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Վերազարթոնքի հասնելու համար, ըստ հոգևորականի, անհրաժեշտ է հաշտության օրակարգ, ինչի մասին իրենք՝ հոգևորականները, խոսում են երեք տարի շարունակ, որովհետև հաշտության օրակարգի այլընտրանքը ինքնաոչնչացումն է։

«Ես մերժելով՝ մերժում եմ հատկապես իշխանությունների կողմից տարվող ատելության քարոզը. չէ՞ որ իրենք են առաջին պատասխանատուն, և դա այդպես է ցանկացած իշխանության պարագայում։ Եթե իշխանությունն այդ համերաշխության անհրաժեշտությունը չի գիտակցում, ապա սա արդեն խոսում է քաոսի մասին։ Կրկնում եմ՝ իշխանությունը պետության բարձր ամբիոններից ատելության քարոզի իրավունք չունի տանել, որովհետև առաջին օրինակն իրենք են, մինչդեռ, այսօր ականատես ենք լինում, որ քաոսային տրամադրությունները առաջինը խորացվում են հենց իշխանությունների կողմից,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը, միևնույն ժամանակ համարելով, որ երկրում ատելության մթնոլորտը մեղմելու պատասխանատվությունը իշխանությանն է, հարց հնչեցրեց,- Մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է հանձնել հայրենիքը, հետո ունենալ հանրային համերաշխություն, չէ՞ որ դա կեղծ խոսքերով չի ձևավորվում, դա կոնկրետ գործողություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս