Ի՞նչ օրակարգով է Լավրովը մեկնում Ադրբեջան
Հունիսի 9-ին ՀՀ կատարած աշխատանքային այցից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան:
Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ կարելի էր այս փուլում ակնկալել Լավրովի այց Ադրբեջան, քանի որ Երևանի ու Բաքվի միջև Մոսկվայի շփումների հավասարակշռվածությունը պահպանելու խնդիր կա:
Ըստ նրա, Երևան այցից հետո Լավրովը պետք է մեկներ Բաքու, այսպես է՝ ինչպես հեռախոսազրույցների, հրավերների, ընդունելությունների, այնպես էլ ՌԴ նախագահի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների շփումների դեպքում:
«Բացի արարողակարգային պարիտետը պահպանելու խնդրից, կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ ռուս-ադրբեջանական քննարկումները պետք է շարունակվեն: Այստեղ մեծ է Բրյուսելի ակտիվ դերակատարության գործոնը, սա ստիպում է գոնե ՌԴ ԱԳՆ ղեկավարին ավելի ակտիվ լինել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ փաստաթղթերի իրականացման ուղղությամբ, այդ փաթեթները եթե չիրագործվեն կամ անուշադրության մատնվեն, ապա դրանք կիրագործվի Բրյուսելում, հատկապես, երբ Բրյուսելը դրա հիմքերը դրել է: Երևանում ՌԴ ԱԳ նախարարը նաև ցանկություն հայտնեց նպաստել կողմերի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցություններին: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ աշխատանքներն ակտիվ շարունակվում են ՌԴ միջնորդությամբ, սա ևս առանձին թեմա է:
Երրորդ ուղղությունը սահմանազատումն է, որը, որքան հասկանում ենք, ընթանալու է Մոսկվայում և Բրյուսելում, այսինքն՝ այս հարցում այլևս Մոսկվան մենաշնորհ չունի: Եթե դիվանագիտությունը պասիվանա, ապա գործընթացների լուսանցքում կհայտնվի Ռուսաստանը: Բացի այդ՝ կա տեղում խաղաղապահ կոնտինգենտ, հարցեր նրանց աշխատանքի հետ կապված՝ թե Երևանի կողմից, թե Բաքվի, այս հարցով ևս կա անելիք: Ահա քննարկվելիք հարցերի շրջանակը, որը կուտակվել է աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացների հետևանքով, երբ Արևմուտքի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքը շատ գոտիներում անհամատեղելի է դարձել»,- ասաց վերլուծաբանը: