Գնաճի հարցը լուրջ է. գուցե պետք է սուբսիդավորե՞լ թոշակառուների դեղերի ծախսը. Վաչե Գաբրիելյան

Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ունենք էական գնաճ. ունենք սննդամթերքի տեսակներ՝ հացաբուլկեղեն, բրինձ և այլն, որոնց գնաճը երկնիշ է, բայց քանի որ այս բարձր գնաճը կապված է արտաքին գործոններին՝ զուտ ներքին գործոն չէ, ուստի Կենտրոնական բանկի որոշումը՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման 9.25 տոկոս տոկոսադրույքը, դրական եմ համարում, հակառակ դեպքում՝ կստեղծեին խնդիր հատկապես փոքր և միջին բիզնեսի համար՝ թանկացնելով նրանց շրջանառու միջոցները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին, դրանք ծնող պատճառներին ու դրանց հակազդող գործընթացներին, նման տեսակետ հայտնեց Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով.

«Այո՛, գնաճը բարձր է. այս հարցը բավականաչափ լուրջ է»։

Գնաճի բեռը քաղաքացիների վրա չթողնելու համար Վաչե Գաբրիելյանը որպես առաջարկ նշեց, որ Կառավարությունը կարող է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ մասնավորապես գնալ ոչ թե ավտոմատ ինդեքսավորման (գնաճին զուգահեռ՝ թոշակների և աշխատավարձերի համատարած բարձրացման), ինչի ռեսուրսը բյուջեն չունի, այլ թիրախային լուծումների։

«Ես մշտապես դեմ եմ եղել ավտոմատ ինդեքսավորմանը, բայց անհրաժեշտ միջոցառումների շուրջ քննարկմանը կողմ եմ. պետք է դիտարկել այդ հարցը և, օրինակ, կարելի է սուբսիդավորել թոշակառուների դեղերը, կամ չունևոր ընտանիքների նախադպրոցականների տաք կերակուրը. բազմաթիվ ծրագրեր կան, որոնք պետք է դիտարկել ու հասկանալ, թե որն է անհրաժեշտ»,- ասաց Գաբրիելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս