Ինչո՞ւ Փաշինյանը չխոսեց ԼՂ հակամարտության և կարգավիճակի մասին
Հայկական մամուլում, մեդիափորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը միջազգային հեղինակավոր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում Փաշինյանը խոսել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:
Չնայած վերոնշյալ բոլոր շրջանակների ուշադրության կենտրոնում հենց Փաշինյանի դիտարկումներն են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, Արցախի ապագա կարգավիճակի և ՀՀ դիրքորոշման վերաբերյալ, կարմիր գծերը սպասվող, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բանակցման գործընթացում հատկապես ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթից հետո, թե միջազգային հանրությունը Հայաստանին ասում է՝ իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը միանշանակորեն ոչ թե տալիս է պատասխաններ հանրության մտահոգություններին, այլ միայն խորացնում է դրանք:
Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցի որևէ դրվագում՝
- չօգտագործեց ԼՂ հակամարտություն տերմինը, խոսելով ԼՂ չլուծված հակամարտության մասին,
- չընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, թեև ասաց, որ եռակողմ հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և իրենք հույս ունեն, որ առաջիկա ժամանակներում կկարողանան անդրադառնալ ԼՂ խնդրին:
- ուղիղ հարցին՝ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, չպատասխանեց, որ հայկական կողմի համար Արցախի նման կարգավիճակը կարմիր գիծ է, և անընդունելի է, որ կա ինքնորոշման իրավունք, ինչպես հենց Արցախում են նշում:
- Փաշինյանը միայն ասաց, որ Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի հարցազրույցը կրկին հաստատեց նաև այսօր մամուլում շրջանառվող Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հարցազրույցում տեղ գտած պնդումները, թե Իլհամ Ալիևի պահանջով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» արտահայտությունները: Եվ ստացվում է, որ ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց իր այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է Իլհամ Ալիևին և իր հարցազրույցում չի օգտագործել ոչ ԼՂ հակամարտություն, ոչ ԼՂ կարգավիճակ ձևակերպումները, թեև նույնիսկ «կարգավիճակ» բառի կիրառությունը ԼՂ անկախ կարգավիճակի երաշխիք չէ: Այսպիսով՝ ստացվում է, որ հայկական կողմը ոչ միայն բանակցություններում, այլև իր հրապարակային խոսքում արտացոլում է ադրբեջանական կողմի պահանջները:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայկական կողմը, ավելի կոնկրետ՝ իշխանությունները, իրենց դրսևորում են այնպես, ինչպես սովորաբար անում են պատերազմում պարտված կողմերը: Այսինքն, ըստ նրա, չեն անում քայլեր, հայտարարություններ, որոնք կսրեն իրավիճակը և կտապալեն սպասվող բանակցություններն Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի շուրջ:
Վերլուծաբանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ որքան էլ դժվար է, սակայն կողմերի միջև պատերազմից հետո ինչ-որ հարցերի շուրջ կա փոխըմբռնում, սինխրոնացում:
«Գուցե, ինչպես նախկինում ևս ասել եմ, կարգավորման շատ հարցերի շուրջ, ինչպես կարգավիճակի հարցն է, բանակցային գործընթացի շրջանակում տարաձայնություններ առաջանան, բայց նկատելի է, որ կողմերն ինչ-որ հարցերում ունեն կոնսենսուս, ինչպես, օրինակ՝ բանակցությունները Բրյուսելում շարունակելն է կամ այլ հարցերը՝ այս պահին դեռևս միայն տեխնիկական, կազմակերպչական թվացող: Պարզ է նաև, որ կողմերը չեն ցանկանում խզել գործընթացը, այդ պատճառով չեն ցուցադրում այն դիրքորոշումները, որոնք կարող են նման խզում առաջացնել: Հարցերը թողնվել են ապագային, այդ պատճառով ԼՂ հակամարտությունից երևի թե խոսվեց մակերեսորեն»,- ասաց վերլուծաբանը: